211652_close_icon
views-count6700 դիտում article-date 14:52 19-08-2016

Հայաստանում, զեղչերը, հիմնականում, խաբեություն են. Արմեն Պողոսյան

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի՝ Հայաստանի սպառողների միության նախագահն ահազանգում է, որ Հայաստանում զեղչային համակարգը, որպես կանոն, գործում է գնորդներին մոլորեցնելու սկզբունքի վրա: Օրինակ՝ սննդամթերքի վրա գրվում է` 1300 դրամ, վրան խաչ է քաշվում և ավելացվում՝ 1100 դրամ, ինչից սպառողը պետք է ենթադրի, թե գինը 200 դրամով զեղչվել է, սակայն շատ դեպքերում սա պարզ խաբեություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Պողոսյանը նկատեց նաև, որ հիշյալ խաբեությունն ապացուցելը հեշտ բան չէ: Գրեթե անհնար է ապացուցել նաև, որ ապրանքը բրենդային չէ, եթե, իհարկե, վաճառողն ինքը չխոստովանի: Մի անգամ Արմեն Պողոսյանի հետ նման բան պատահել է, քանի որ պատմեց. «Ինքս մի անգամ տոնավաճառում իտալական, անգլիական կոշիկներ էի նայում, երբ որ մի քիչ խոսեցի վաճառողի հետ, թե՝ իրո՞ք անգլիական է, ասեց՝ ա՛յ ախպեր ջան, էս կոշիկները ես եմ կարել, հիմա էս դարում յառլիկ ճարելն ի՞նչ է»։ Մասնագետն, առհասարակ, խորհուրդ է տալիս շատ մեծ վերապահումով մոտենալ 50-70% -անոց զեղչերին. կամ նման չափի զեղչը նշանակում է, որ ապրանքն անորակ է, որը բարձր գնով փորձել են նախկինում իրացնել, չի ստացվել, կամ զեղչի չափը կեղծիք է: Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս սպառողներին պաշտպանել իրենց իրավունքները և խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Նմանատիպ նյութեր