211652_close_icon
views-count1756 դիտում article-date 11:56 23-08-2016

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ: Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք, միաժամանակ, մենք որպես ժողովուրդ ունենք միասնական երազանք: 26 տարի առաջ ընդունած` Հայաստանի անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը` նոր բովանդակություն տալով հայոց պատմությանը, նորովի ուղղորդելով երկրի հետագա զարգացման ընթացքը: Անկախության հռչակագրի ընդունումով մենք ճանապարհ ընկանք երազանքի հետեւից: Մեկ տարի անց անկախության հանրաքվեով այդ երազանքը կյանք ստացավ: Եւ այսօր մենք առաջ ենք շարժվում որպես անկախ պետականություն ունեցող եւ սեփական արժեհամակարգը համընդհանուր արժեքների հետ համադրող երկիր, որը պարտավոր է հանուն իր ապագայի լինել ավելի ժողովրդավար, ավելի պատասխանատու եւ ավելի հոգատար իր քաղաքացիների հանդեպ, այնպես ինչպես քաղաքացիները` մենք բոլորս ենք պարտավոր լինել մեր երկրի հանդեպ, այն երկրի, որը ոչ միայն մերն է, այլեւ Հայաստանից դուրս գտնվող, բայց, համոզված եմ, իրենց մշտապես նրա մի մասնիկը համարող մեր եղբայրներին ու քույրերինը: Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրս ոչ միայն երազանք ունենք, այլեւ երկրի ապագայի մեր պատկերացումները: Հաճախ իրականությունն ավելի համեստ է, քան մեր պատկերացրածն ու ցանկացածը, սակայն մենք ունենք բավարար ուժ եւ նպատակասլացություն` երազանքը դարձնել իրականություն: Հաջողությունը կախված է սեփական ուժերի հանդեպ մեր հավատից ու վստահությունից: 26 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունումով մենք վերստին փաստեցինք մեր մեջ հավատի ու վստահության առկայությունը: Համոզված եմ, որ մեր երկրի ու բոլորիս համար գալու է երազանքի եւ իրականության լիարժեք համընկնումի ժամանակը, որը մոտեցնում ենք բոլորս միասին` մեր աշխատանքով ու կենսակերպով, վաղվա հանդեպ մեր ազնիվ մտահոգությամբ եւ սթափ մտածողությամբ: Մենք բոլորս ենք պատասխանատու երկրի ճակատագրի համար, որովհետեւ խաղաղությունն ու կայունությունը, ապագայի հանդեպ հույսը սկսվում են յուրաքանչյուր ընտանիքից, փողոցից, բնակավայրից: Հենվելով անկախության հռչակումից հետո ձեռք բերած մեր շուրջ քառորդդարյա փորձի ու կարողությունների վրա, պետք է ավելի արդյունավետ օգտագործենք մեզ ընձեռված հնարավորություններն ու մեր ժամանակը, մեր ունեցածն ու մեր ձեռքբերածը` մարդկային ռեսուրսներից մինչեւ ռազմական հաղթանակներ, մտավոր ու տնտեսական ներուժից մինչեւ ոգու ամրություն: Մեր արժեքներն ամրագրված են Անկախության հռչակագրում, Սահմանադրության եւ հենց մեր` յուրաքանչյուրիս մեջ: Մենք պետք է հավատարիմ մնանք այդ` թե փաստաթղթի տեսք ունեցող եւ թե չգրված` մեր իսկ ներաշխարհից բխող արժեքներին, դրանք ընդունենք եւ դրանց վերաբերվենք որպես առաջ շարժվելու, հզորանալու, ավելի կազմակերպված դառնալու երաշխիքների: Եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր