Համաներման պահանջը հասունացել է. Այն ունի տարբեր քաղաքական պատճառներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և հասարակական շրջանակներում քննարկվում է հնարավոր համաներման հարցը:
Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, և կարծիք կա, որ այդ առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Պետության ղեկավարները սովորաբար համաներում հայտարարում են պետական տոների կամ կարևոր իրադարձությունների առիթով, և այն համարվում է մարդասիրական և ոչ թե արդարադատությանն ուղղված քայլ: Իսկ ՀՀ անկախության հոբելյանական այս տոնը այդ առումով լավագույն առիթն է: Հատկապես որ անկախության 25-ամյակի առիթով համաներում է հայտարարվել նաև Արցախում, և այսօր այդ նպատակով ԼՂՀ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել:
Իսկ ՀՀ-ում համաներում հայտարարելու համար կա նաև հասարակական և իրավական պահանջ, հատկապես որ երեք տարի է, ինչ նման ակտ չի կատարվել: Վերջին համաներումը տեղի է ունեցել 2013թ., նորից ՀՀ անկախության տոնի առիթով:
Այս կամ Սերժ Սարգսյանի 4-րդ համաներման պահանջը վաղուց էր հասունացել: Այս անգամ նույնպես այն ունի տարբեր քաղաքական պատճառներ: «Հիմա, օրինակ՝ կարող է տարածվել Շանթ Հարությունյանի և ընկերների վրա, Հայկ Կյուրեղյանի վրա, որը աներևակայելի պատժաչափ է ստացել փոքր զանցանքի համար, Վոլոդյա Ավետիսյանի վրա: Ակնկալվում է, որ պետք է անդրադառնա «Սասնա ծռերի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Համաներում հայտարարելու քաղաքական մյուս պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ նախընտրական տարի է, և իշխանությունները կցանկանան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման քայլով հասարակության մեջ դրական տրամադրվածություն առաջացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]