211652_close_icon
views-count2717 դիտում article-date 17:30 30-08-2016

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութագորածարարական կենտրոնում ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունն ու դպրոցական համակարգի ձեռքբերումները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական և ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում: Ծրագրային փաստաթղթերից ԿԳ նախարարն առանձնացրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված կրթության որակավորման ազգային շրջանակը, կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս երկու փաստաթղթերին հաջորդելու է կրթակարգի ընդունումը, որով կամբողջանա հանրակրթության կարևոր փաստաթղթերի եռյակը. «Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարևորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը: Հանրակրթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները»: Նախարարը նշել է, որ այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ «մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի»: «Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը: Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային: Մենք պիտի՞ կարողանանք մեր ատոմակայանը պահպանել ու զարգացնել, պիտի՞ կարողանանք զ ենքի արտադրություն կազմակերպել: Մենք պարտավոր ենք զարգացնել բնական գիտությունների ուղղությունը՝ սկսած կրտսեր դպրոցից, և դրա ծավալը պետք է լինի անձեռնմխելի ու այն արձանագրվի պետական կրթակարգում: Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,- իր խոսքում ընդգծել է նախարարը: Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրել է նաև փոքր դպրոցների զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակումը: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության 1390 դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչև 300 աշակերտ. մասնավորապես 427 դպրոց ունի մինչև 100 աշակերտ, 527 դպրոց ունի 101-300 աշակերտ:

Նմանատիպ նյութեր