211652_close_icon
views-count2158 դիտում article-date 17:33 31-08-2016

Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության ամենամյա ավանդական կարգը

Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության ամենամյա ավանդական կարգը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Աժ գիտության կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, ոլորտի ներկայացուցիչներ: Օրհնության կարգը մատուցվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ: Եկեղեցական արարողակարգից հետո ՀՀ կրթությոն և գիտության նախարարը պատասխանելով լրագրողների հարցերին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ու դասախոսներին՝ նշելով, որ կրթության համակարգի և եկեղեցու միջև ձևավորվել է շատ գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթ. "Արդեն տարիներ շարունակ նոր ուսումնական տարին սկսելուց առաջ կրթական համակարգը օրհնություն է ստանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում: Սա ևս մեկ առիթ է, որ կրթությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ հիշի իր առաքելությունը: Կրթական գործով զբաղվող յուրաքանչյուր ոք՝ լինի ուսուցիչ, դասախոս, տնօրեն թե ռեկտոր առաքելության կրող է և պետք է կարողանա այդ առաքելությանը համարժեք կատարել իր պարտականությունները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս օրհնությունը խնդրանք էր առ Աստված, որ մեր երկրի համար խաղաղ, իսկ կրթության համակարգի համար ստեղծագործ աշխատանքի տարի լինի և մեր երեխաները կարողանան դպրոցում ստանալ լիարժեք դաստիարակություն և կրթություն",-իր խոսքում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Արարողակարգից հետո Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին է փոխանցել Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ողջույնի խոսքն ու օրհնությունը:

Նմանատիպ նյութեր