211652_close_icon
views-count4025 դիտում article-date 18:45 05-09-2016

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ 5 տոննա քաշով հոգեմետ նյութ՝ մաքսային ծառայողների կողմից անփույթ վերաբերմունքի հետևանքով

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ: Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը: «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր