211652_close_icon
views-count3115 դիտում article-date 12:44 08-09-2016

ՀՀ Կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության միջև համաձայնագիր է ստորագրվել

Սեպտեմբերի 7-ին Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գրասենյակում տեղի ունեցավ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համար մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների իրականացման մասին ՀՀ Կառավարության և հանձնաժողովի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրեցին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Լասինա Զերբոն: Համաձայնագիրը նպաստելու է ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ միջազգային դիտարկումների իրականացման շրջանակներում: Այն ներառում է Գառնիում տեղակայված դիտարկման կայանի գործունեությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի կառավարմանը, պահեստամասերի և սարքավորումների դյուրացված ներկրմանը, ինչպես նաև կայանի ֆիզիկական անվտանգությանն առնչվող խնդիրների կարգավորումը: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել սեյսմիկ իրավիճակի դիտարկում, ինչպես նաև կիրառելի է գիտական և քաղաքացիական այլ նպատակների իրականացման համար: Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես, կարևորեց Գառնիում տեղակայված դիտարկման կայանին ցուցաբերվող մշտական աջակցությունը, որն արտահայտվում է ինչպես համապատասխան արդիական սարքավորումների տրամադրմամբ, այնպես էլ՝ փորձագիտական և խորհրդատվական աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր