211652_close_icon
views-count1355 դիտում article-date 14:14 08-02-2019

Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյին: Շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Լասինա Զերբոն հաջողություն մաղթեց՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Նախապատրաստական հանձնաժողովի և Հայաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի բազմաբովանդակ և ծավալուն: Այնուհետև Գործադիր քարտուղարը համառոտ ներկայացրեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումները: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Այս առումով դեսպանն առանձնացրեց Հայաստանում գիտական համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության կարևորությունը: Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերը, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ համագործակցության նոր ուղիների նախանշման և հետագա զարգացման համար։

Նմանատիպ նյութեր