211652_close_icon
views-count1669 դիտում article-date 19:16 14-06-2016

Փոխնախարար Հովակիմյանը ելույթ ունեցավ Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը

Հունիսի 13-ին Վիեննայում ՀՀ պատվիրակությունը` ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, մասնակցեց Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին նվիրված նախարարական հոբելյանական հանդիպմանը: Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին նվիրված նախարարական հանդիպման նպատակն էր ամփոփել պայմանագրի ստորագրումից ի վեր անցած տարիների կատարված աշխատանքը և համաշխարհային հանրության ուշադրությունը կրկին հրավիրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման անհրաժեշտության վրա: Հանդիպման բանախոսներն անդրադարձան միջուկային փորձարկումների անդառնալի մարդասիրական բացասական հետևանքներին` ափսոսանք հայտնելով պայմանագրի՝ մինչ օրս ուժի մեջ չմտնելու կապակցությամբ, և հորդորեցին պայմանագիրը դեռևս չվավերացրած երկրներին անհապաղ միանալ միջազգային հանձնառությանը: Միևնույն ժամանակ պատվիրակները մեծապես կարևորեցին պայմանագրի շնորհիվ ձևավորված համապարփակ վերահսկման և դիտարկման համակարգը, որը փաստացի նպաստում է փորձարկումների արգելմանը: ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում կարևորեց նախապատրաստական հանձնաժողովի ստանձնած առաքելությունը և վերահաստատեց Հայաստանի՝ պայմանագրի լիարժեք և համընդհանուր իրականացման հանձնառությունը: Փոխնախարար Հովակիմյանը գոհունակություն հայտնեց 2005 թվականից Գառնիում տեղակայված օժանդակ սեյսմիկ կայանի գործունեությանն աջակցելու կապակցությամբ, որը ընդգրկված է միջազգային վերահսկողության համակարգում և արբանյակի միջոցով տվյալներ է փոխանցում Վիեննայի կենտրոնակայան, ուր դրանք ամփոփվում են և օգտագործվում սեյսմիկ իրադարձությունների արձանագրման, տեղայնացման և բնութագրման համար: Աշոտ Հովակիմյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում բաց և թափանցիկ համագործակցություն իրականացնել բոլոր գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Նա անընդունելի համարեց Հայաստանի կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի ենթադրյալ խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ստահոդ և անհիմն մեղադրանքները, որոնց միակ նպատակն է միջազգային հանրության ուշադրության շեղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քաղաքացիական բնակչության դեմ կատարված ոճրագործություններից:

Նմանատիպ նյութեր