211652_close_icon
views-count2150 դիտում article-date 16:21 08-09-2016

Ավարտական փուլում են մայրաքաղաքի առողջապահական հիմնարկների նորոգման և ջեռուցման ապահովման 2016 թվականի աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով առողջապահական հիմնարկների նորոգման և ջեռուցման ապահովման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Համայնքային բյուջեի միջոցներով այս տարի ջեռուցման համակարգեր են անցկացվել մայրաքաղաքի թվով 10 բուժհաստատություններում, ևս 7-ում իրականացվում են պատուհանների փոխարինման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացող աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ սահմանված է մշտական հսկողություն: Ընթացքին և արդեն իսկ իրականացված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: «Այս տարի ամբողջությամբ կավարտենք առողջապահական հիմնարկների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Արդեն հաջորդ տարի նախատեսում ենք ամբողջացնել պատուհանների փոխարինումը: Նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, ինչպես նաև բուժհաստատությունների տնտեսումներով, որոնք, ի դեպ, ձևավորվել են բուժհիմնարկների վերազինման արդյունքում հավելյալ մուտքերի շնորհիվ»,-նշել է Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալն այցելել է նաև այս տարվա ծրագրով հիմնանորոգվող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն: Նախատեսված աշխատանքները հնարավորություն են տալու ընդլայնելու մատուցվող բժշկական ծառայությունները: Ներդրումային ծրագրով հիմնանորոգվում է նաև ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան՝ վերջինիս ընտանիքի աջակցությամբ: 2016թ. ծրագրով առողջապահական հիմնարկներում իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ բուժհաստատություններն ապահովվել են նաև նոր սարքավորումներով: Առողջապահական հիմնարկներ այցի ընթացքում Դավիթ Օհանյանը զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել բնակիչներին անհանգստացնող խնդիրներով և սպասարկման որակով: Քաղաքապետի տեղակալը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել և համապատասխան ընթացք տալ քաղաքացիների բարձրացրած հարցերին:

Նմանատիպ նյութեր