68204 դիտում
09:00 13-09-2016
Ողբերգական ավտովթար Աբովյանի զինկոմիսարիատի մոտ. 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառին. դին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 31-ամյա Աշոտ Քոսյանը Աբովյան քաղաքում՝ Երևանյան փողոցում, Աբովյանի զինկոմիսարիատի մոտ իր վարած Lexus մակնիշի 34 ՏQ 444 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետ հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր դին շտապօգնության մեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննիչ Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+