132947 դիտում
08:40 17-09-2016
Կրակոցներ՝ Էջմիածնում. նախկին քաղաքապետն ու քաղաքապետի թեկնածուն կրակոցներ են արձակել ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Երևանից Էջմիածին ընթանալիս հարձակման է ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2106 մակնիշի 01 ՏՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո «06»-ի միջից կրակոցներ են արձակել Lexus մակնիշի 01 DD 045 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Գրիգորյանի հետ այդ պահին եղել է Toyota Camry մակնիշի 10 RO 045 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 36-ամյա Կարեն Արմենակյանը ուղևոր՝ Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Գրիգորյանի հետ հետապնդել են «06»-ին։
Արդեն Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի սկզբնամասում «06»-ի միջից դուրս է եկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո նրանց է մոտեցել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 39-ամյա Արսեն Կարապետյանը, ով կարողացել է կրակողի ձեռքից խլել ատրճանակը, որը լիցքավորված է եղել 2 փամփուշտով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի օգնական, իսկ Կ. Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում՝ «Բարեկարգում» տնտեսության տեղամասի պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետապնդման հետևանքով Կամոյի փողոցում նաև մեքենաները բախվել են միմյանց, իսկ վնասազերծելու ժամանակ 47-ամյա Արթուր Հայրապետի Թումանյանը և Էջմածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Ստեփան Սիմոնի Աբգարյանը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ղազարյանը և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Չի բացառվում նաև, որ հարուցված քրեական գործը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Անձի դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչության վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6416 դիտում
14:14 27-05-2017
Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ հերթական շաբաթօրյակն է անցկացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ