211652_close_icon
views-count3780 դիտում article-date 22:48 27-09-2016

Մեծ Բրիտանիայի բնակչության սիրելին էր համարվում Չի-Չի անունով պանդան

1957 թվականի դեկտեմբերին՝ քոթոթ ժամանակ, նրան բռնել են Սիչուան պրովինցիայում։ 1958 թվականի հունվարին տարել են Պեկինի կենդանաբանական այգի։ 1958 թվականի մայիսին ավստրիացի բրոկեր-անիմալիստ Հեյնի Դեմերը փոխանակեց Աֆրիկայից սմբակավոր կենդանիների հավաքածուն Չի-Չիի հետ։ Նրան բերեցին Մոսկվայի կենդանաբանական այգի։ Մեկ շաբաթ անց տարան Բեռլինի կենդանաբանական այգի։ Նույն թվականին պանդային վաճառեցին ամերիկյան կենդանաբանական այգուն, սակայն ամերիկաչինական լարված հարաբերությունների պատճառով Չի-Չիի մուտքն ԱՄՆ արգելվեց։ Մինչ այդ Լոնդոնի կենդանաբանական միությունը բազմիցս հայտարարել էր, որ վայրի բնության շահերից ելնելով, պանդաներ ձեռք չի բերելու։ Սակայն, երբ Չի-Չիին արդեն բռնել էին, որոշեցին գնել այն։ Գնման համար տրված գումարի մի մասը տվեց Granada TV հեռուստաընկերությունը։ 1958 թվականի սեպտեմբերի 26-ին Չի-Չին դարձավ Լոնդոնի կենդանաբանական այգու սեփականությունը։ Նա դարձավ նաև Մեծ Բրիտանիայի բնակչության սիրելին։ Կենդանաբանական այգու այցելուները սիրում էին նրան և հաճախ էին շոկոլադ հյուրասիրում։ 1960-ական թվականների վերջին Չի-Չին ուշադրության կենտրոնում էր։ Թերթերն անդրադառնում էին նրա և Մոսկվայի կենդանաբանական այգուց Ան-Անի հարաբերություններին։ Նրան մի քանի անգամ տարան Մոսկվա, որպեսզի նա բեղմնավորվի և սերունդ տա։ Սակայն զույգը ձագեր չունեցավ։ Չի-Չին մահացել է 1972 թվականի հուլիսի 22-ին։ Նրա մահը սգում էր ամբողջ երկիրը։ Չի-Չիի՝ Լոնդոնի կենդանաբանական այգում գտնվելու ժամանակ՝ 1961 թվականին, նրան տեսավ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հիմնադիրներից մեկը, գիտնական և նկարիչ-անիմալիստ սըր Փիթեր Սքոթը։ Նա նկարեց պանդային և որոշեց, որ այս բարեսիրտ, պաշտպանության կարիք ունեցող կենդանու պատկերը նոր հիմնադրամի համար հրաշալի խորհրդանիշ կլինի։ Այդ ժամանակվանից Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի խորհրդանիշը դարձավ Չի-Չի պանդան, իսկ նրա լոգոն դարձավ ամենաճանաչելի լոգոներից մեկն աշխարհում։

Նմանատիպ նյութեր