106354 դիտում
22:35 27-09-2016
Դատարանը ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարի՝ խմած վիճակում «յաշիկով» ողբերգական ավտովթարի հեղինակ որդու նկատմամբ կալանքի որոշում կայացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստ՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական անգամ ամբաստանյալ Ս. Աղոյանը չէր ներկայացել դատական նիստին, ինչպես նաև չէր ներկայացել նրա փաստաբանը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը մինչ դատական նիստը սկսելը, տուժող կողմերին ծանոթացրեց իրենց իրավունքներին ու պարտականություններին, որից հետո ձայն խնդրեց դատախազը:
Դատախազը մանրամասն դատարանին ներկայացրեց իր միջնորդության հիմքերը, որից հետո խնդրեց, որպեսզի դատարանը Ս. Աղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կայացնի կալանքի որոշում:
Դատախազը տեղեկացրեց նաև, որ նախորդ նիստին ամբաստանյալը չէր ներկայացել դատարան, ինչն էլ դատարանը համարել էր անհարգալից վերաբերմունք և բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Որոշման կատարումն էլ հանձնարարել էր ոստիկանության Կոտայքի բաժնին:
Տուժող կողմի ներկայացուցիչները նույնպես չառարկեցին դատախազի միջնորդությանը, որից հետո դատավոր Վ. Մկրտչյանը հայտարարեց, որ որոշում կայացնելու հարցը քննարկելու համար ինքը գնում է խորհրդակցական սենյակ:
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը և Ս. Աղոյանի նկատմամբ կայացրեց կալանքի որոշում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի բակում հավաքված քաղաքացիները իմանալով դատավորի կայացրած որոշման մասին՝ ասում էին. «Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում: Եթե մյուս դատավորը ժամանակին որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացներ խմած վիճակում կարմիր լույսի տավով յաշիկով ողբերգական ավտովթարի հեղինակ Ս. Աղոյանի նկատմամբ, ապա նա նոր հանցագործության մեջ իր հոր՝ Աբովյանի Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրեն Աղոյանի հետ Բալահովիտում քաղաքացուն չէին ծեծի:
Վստահ ենք, որ դատավոր Վ. Մկրտչյանը կայացրել է արդարացի որոշում և ոչ ոք չի կարողացել ազդել դատավոր Վ. Մկրտչյանի վրա, իսկ սաղ Աբովյանում հայր ու որդի Աղոյանները կեղծ լուրեր են տարածում, թե, իբրև, «ամենավերևների մակարդակով մեր հարցերը լուծված են, ինչ է եղել որ. անզգույշ դեպք ա տեղի ունեցել, իսկ էրեխուն էլ ծանոթ բժիշկների մոտ կպարկացնեն, որ իբրև բուժվում է», մինչդեռ նրանց ասած տղան հիվանդ լինելով՝ Բալահովիտում մարդ է ծեծում»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանը որոշել է որոշման կատարումը հանձնարարել ոստիկանության Կոտայքի բաժնին և հիմա Ս. Աղոյանին հայտնաբերելու դեպքում նրան պետք է տեղափոխեն Նուբարաշենի բանտ:
Դատարանի մոտ հավաքվածները նաև խնդրում էին իրավապահ մարմիններին, որպեսզի առանձին հետաքննության առարկա դարձնեն այն բժիշկների գործելաոճը, ովքեր ինչ-ինչ «շահադիտական դրդումներով» տեղեկանքներ են տրամադրել Աղոյաններին, որ, իբրև, վթարից հետո նա դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ և ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, այն դեպքում, կրկնում ենք, երբ դեպքից որոշ ժամանակ անց հեթական անգամ փայլել է մեկ այլ քաջագործությամբ, որի վերաբերյալ էլ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/26/96612/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գագիկ Լալազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում՝ սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Այդ օրը, ժամը 18։40-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Հարությունյանը ոստիկանության Աբովյանի բաժին հայտնել էր, որ նույն գյուղի Թումանյան փողոցի 25 տան բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Սուրենի Աղոյանը և 58-ամյա Սուրեն Սերյոժայի Աղոյանը անհիմն հարձակվել էին իր վրա, տվել հայհոյանքներ, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո Ա. Հարությունյանը դիմել էր Աբովյանի բժշկական կենտրոն, քանի որ, ըստ իր հայտարարության, ինքը ստացել էր մարմնի տարբեր մասերում կապտուկներ և սալջարդ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերյոժա և Սուրեն Աղոյանները հայր ու որդի են։ Հայրը Երկրապահ կամավորականների միության Աբովյանի կառույցի նախագահն է, իսկ տղան քրեական անցյալով հարուստ անուղղելիի մեկն է։
Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Աբովյան քաղաք), տեղի էր ունեցել դատական նիստ, որտեղ ամբաստանյալի աթոռին էր Սերյոժա Աղոյանը, ով Աբովյան քաղաքում հարբած վիճակում կարմիր լույսի տակով մտնելով «յաշիկով»՝ դարձել էր մահվան ելքով ավտովթարի հեղինակ, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր։ Երբ դատավոր Վաղինակ Մկրտչյանը նրա փաստաբանին հարցրել էր, թե ուր է ամբաստանյալը, փաստաբանն էլ Գաբրիել հրեշտակի նման մի հայացք է ընդունում ու ինչ-որ անհասկանալի թուղթ ներկայացնում դատարանին, թե իբրև իր պաշտպանյալը վթարից հետո վնասվածք է ստացել և բուժում է ստանում տանը, մինչեռ չէր կարող փաստաբանը չիմանալ, որ իր՝ կրիմինալ անցյալով հարուստ պաշտպանյալը այս անգամ հոր հետ է «փայլել քաջագործություններով»։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+