211652_close_icon
views-count9760 դիտում article-date 23:15 05-10-2016

Դավադրությո՞ւն, հեղաշրջման փո՞րձ, թե՞ շինծու մեղադրանքներ

Կատալինան Աֆրիկայից Հռոմ վերադարձավ գարնանը և հայտարարեց առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: Շատ չանցած նրա դեմ հայց հարուցվեց՝ Աֆրիկայում իշխանությունը չարաշահելու և անհիմն հարստանալու մեղադրանքներով: Մի քանի ամիս տևած դատավարությունից հետ նրան առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չապացուցվեց: Եվ Կատալինան սկսեց պատրաստվել ընտրություններին: Ք.ա. 64թ. Հռոմում անցկացվող կոնսուլի ընտրություններում առաջադրվել էին 7 թեկնածու՝ կոնսուլի 2 տեղի համար: Ընտրվելու իրական շանսեր ունեին պրետոր Կատալինան (Lucius Sergius Catilina), հռետոր Կիկերոնը (Marcus Tullius Cicerō) և Հիբրիդան (Gaius Antonius Hybrida): Սկզբում Կատալինան և Հիբրիդան միավորվում են ընդդեմ Կիկերոնի, որն ազնվական ծագում չուներ և համարվում էր homo novus (նոր մարդ): Կիկերոնը քարոզարշավի ժամանակ հիշեցնում էր Կատալինայի կատարած ապօրինությունները, ագահությունը, Աֆրիկայում պրետոր աշխատելու ժամանակ չարաշահումները, անհիմն հարստացումը, ինչպես նաև Սուլլայի (Lucius Cornelius Sulla՝ Հռոմի դիկտատոր Ք.ա. 81-79թթ.) պրոսկրիպցիաներով կատարած սպանությունները (Հռոմում իշխանությունը հրապարակում էր պրոսկրիպցիաներ, որոնք ըստ էության սև ցուցակներ էին, որտեղ նշված անձինք համարվում էին Հռոմի թշնամիներ: Նրանց ունեցվածքը բռնագրավվում էր, և նրանք զրկվում էին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանց ձերբակալելու կամ սպանելու համար տրվում էր մեծ պարգև, իսկ թաքնցելու համար սպառնում էր մահապատիժ: Կատալինան մի քանի սպանություններ էր իրագործել Սուլլայի պրոսկրիպցիաներով): [img]/ups/images/0914130001475651312876433.jpg[/img] [i]Սուլլային են ցույց տալիս պրոսկրիպցիաներով սպանվածների գլուխները[/i] Կատալինան և Հիբրիդան պատրիկներ էին և քարոզարշավում մատնանշում էին Կիկերոնի հասարակ (ոչ ազնվական) ծագումը: Կատալինան ընտրարշավի ժամանակ խոստանում էր կոնսուլ ընտրվելուց հետո զրոյացնել քաղաքացիների պարտքերը (այդ ժամանակ Հռոմի միջին խավի՝ հեծյալների, գործարարների, առևտրականների մեծ մասը պարտքերի և տոկոսների տակ էին): Այդ խոստումների շնորհիվ Կատալինան մեծ թվով աջակիցներ է ձեռք բերում: Սակայն Կիկերոնը մեծ ժողովրդականություն էր վայելում հռետորական տաղանդի շնորհիվ: Նրան աջակցում էին վաշխառուները և խոշոր ստրկատերերը (նոբիլիտետը): Դրանից զատ Կիկերոնին աջակցում էր Տիտոս Պրոպոնիոս Ատտիկոսը, որը մեծ հեղինակություն էր վայելում հեծյալների և էպիկուրականների շրջանում: [img]/ups/images/0849359001475609722885077.jpg[/img] [i]Կավե «քարոզչական» թասեր: Դրանք լցվում էին սննդով և բաժանվում փողոցում բոլոր ցանկացողներին: Թասերի ներսում գրված էին նախընտրական կարգախոսն ու թեկնածուի անունը:[/i] Ընտրություններում առավել շատ քվեներ հավաքած առաջին երկու թեկնածուները ընտրվում էին կոնսուլներ: Արդյունքում ամենից շատ քվեներ հավաքում է Կիկերոնը, երկրորդը՝ Հիբրիդան, իսկ Կատալինան զբաղեցնում է երրորդ տեղը և չի ընտրվում: [img]/ups/images/0367845001475609782772941.jpg[/img] [i]Կիկերոն[/i] Ընտրություններից հետո լուրեր են տարածվում, թե Կատալինան և նրա կողմնակիցները որոշել են զավթել իշխանությունը: Սակայն որոշ ժամանակ անց դրանք հերքվում են: Հռոմում կոնսուլն ընտրվում էր մեկ տարի ժամանակով: Ընտրություններն անցկացվում էին նոյեմբերի սկզբին, իսկ ընտրված կոնսուլները պաշտոնը ստանձնում էին հունվարի մեկին: Հաջորդ տարի (63թ.), ընտրություններից առաջ Կատալինայի կողմից դավադրություն կազմակերպելու մասին լուրերը կրկին տարածվում են քաղաքում: Սենատի նիստի ժամանակ Կիկերոնը հարցնում է Կատալինային, թե ի՞նչ է մտածում նա դավադրության մասին լուրերի վերաբերյալ: Ի պատասխան Կատալինան ասում է. «Հռոմի իշխանությունն ունի երկու մարմին, առաջինը թույլ է՝ թույլ գլխով (նկատի ուներ սենատը), երկրորդը՝ պինդ է, բայց առանց գլխի (նկատի ուներ ժողովրդին)»: Այդ հայտարարությունից հետո Կատալինան ցուցադրաբար լքում է սենատի դահլիճը: Դրանից հետո քաղաքում հայտարարվում է արտակարգ դրություն: Ընտրություններն անցնում են լարված, բայց խաղաղ մթնոլորտում: Կատալինան կրկին (ընդհանուր թվով 4-րդ անգամ) պարտվում է: Կոնսուլներ են ընտրվում կիկերոնականներ Սիլանը և Մուրենան: [img]/ups/images/0948319001475609795179648.jpg[/img] [i]Ֆուլվիա[/i] Ընտրություններից հետո Կատալինայի աջակիցներից մեկը՝ ոմն Քվինտ Կուրիոսն իր սիրուհուն՝ Ֆուլվիային պատմում է, իբր Կատալինան պատրաստվում է զավթել իշխանությունը և սպանել Կիկերոնին: Ֆուլվիան այդ պատմությունը տարածում է քաղաքում: Լուրը հասնում է Կիկերոնին: Վերջինս ուժեղացնում է իր տան հսկողությունը: Իսկ մի քանի օր անց 63թ. նոյեմբերի 8-ին Կիկերոնը հրավիրում է Սենատի արտահերթ նիստ Յուպիտերի տաճարում: [img]/ups/images/0723560001475609812225846.jpg[/img] [i]Սենատի նիստը 63թ. նոյեմբերի 8-ին Յուպիտերի տաճարում[/i] Երբ Կատալինան տաճար է մտնում և տեղավորվում նստարանին, նրա կողքից բոլորը հեռանում են: Կատալինան զարմանում է այդպիսի վերաբերմունքից: Առաջինը խոսում է Կիկերոնը: Նա Կատալինային մեղադրում է դավադրություն կազմակերպելու մեջ: Կատալինայի դեմ արտասանած առաջին ճառը սկսվում է այսպես. «Մինչև ե՞րբ ես դու, Կատալինա, չարաշահելու մեր համբերությունը: Դեռ ինչքա՞ն ես դու քո կատաղությամբ ծաղրելու մեզ: Մինչև ի՞նչ սահմանի ես մեծամտանալու քո անսանձ հանդգնությամբ: Միթե՞ քեզ չեն մտահոգում քաղաքում շատացած գիշերային պարեկները, քաղաքի շուրջը զինվորների ստվար շարքերը, ժողովրդին համակած վախը, ազնիվ մարդկանց այստեղ հավաքվելը, այս հուսալի և պաշտպանված վայրի ընտրությունը, ներկաների տագնապած հայացնքերը: Միթե՞ չես հասկանում, որ քո մտադրությունները բացահայտված են: Քո կարծիքով մեզնից ո՞վ չգիտի, թե դու ի՛նչ ես արել վերջին, նախավերջին գիշերը, որտեղ ես եղել, ում ես հրավիրել, ինչ որոշումներ ես ընդունել: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր (O tempora, o mores!)»: Ելույթում Կիկերոնը պահանջում է որպեսզի Կատալինան հեռանա Հռոմից: Իրականում Կատալինայի դավադրության մասին ոչ մի ապացույց չկար Ֆուլվիայի բամբասանքից բացի: Եվ Կիկերոնը Կատալինային հասցեագրվող մեղադրանքի ոչ մի հիմք չի ներկայացնում: Երբ սենատորների ելույթներում անհիմն մեղադրանքներին ավելանում են նաև վիրավորական խոսքերը, Կատալինան կատաղած բացականչում է. «Եթե անբարյացկամները, շրջափակելով հետապնդում են և ձգտում գլորել ինձ անդունդը, ապա հրդեհը, որն այրվում է իմ ներսում, ես կհանգցնեմ ավերակների տակ»: Այս խոսքերն արտասանելուց հետո նա վեր է կենում և դուրս գալիս Յուպիտերի տաճարից: Կատալինան նույն գիշերը հեռանում Հռոմից և հաստատվում Էտրուրիայում (մարզ Իտալիայի հյուսիս-արևմուտքում, որի բնիկները էտրուսկներն էին): [img]/ups/images/038004000147560984133055.jpg[/img] [i]Կիկերոնը հանրահավաքում[/i] Հաջորդ օրը, նոյեմբերի 9-ին Կիկերոնը հանրահավաք է հրավիրում: Ժողովրդի առջև ելույթը Կիկերնոնն սկսում է այսպես. «Նա գնաց, փախավ, դուրս պրծավ: Այդ վիժվածքը, հրեշը այլևս քաղաքի պատերից ներս չէ, և չի սպառնում քաղաքի պատերին»: Դա Կիկերոնի երկրորդն ճառն էր Կատալինայի դավադրության մասին: Այդ ճառում Կիկերոնը դարձյալ դավադրության ոչ մի ապացույց չի ներկայացնում և ամբողջովին կենտրոնանում է Կատալինայի անձնական կյանքի, բարոյական վարքի վրա, մատնանշելով՝ նրա համագործակցությունը քրեական տարրերի հետ և այլասերվածությունը: Վերջինի վերաբերյալ ևս ոչ մի ապացույց չի ներկայացնում: Չնայած, որ Կատալինան հեռացել էր Էտրուրիա, նրա կողմից դավադրության կազմակերպման մասին լուրերը շարունակում են շրջանառվել: Կիկերոնը մեծ պարգևներ է խոստանում Կատալինայի դավադրության մասին ստույգ տեղեկություն հայտնողներին: Սակայն ոչ ոք ոչ մի տեղեկություն չի հայտնում: Որոշ ժամանակ անց Հռոմ են գալիս մի խումբ ալլոբրոգներ (կելտական ժողովուրդ Գալիայում, որը Հռոմի կողմից հպատակեցվել էր Ք.ա. 121թ.-ից)՝ իրենց նկատմամբ հռոմեացիների վերաբերմունքից բողոքներով: Նրանց չեն ընդունում կառավարությունում: Սակայն նրանց ընդունում է Կատալինայի համախոհներից մեկը՝ Լենտուլուսը (Publius Cornelius Lentulus Sura): Լենտուլուսը Կորնելիուսների փառապանծ տոհմից էր, մեկ անգամ (71թ.) ընտրվել էր Հռոմի կոնսուլ և քաղաքական մեծ հավակնություններ ուներ: Լենտուլիուսը ալլոբրոգների հետ զրույցում քննադատում է գործող իշխանություններին և գովաբանում Կատալինային: Ալլոբրոգները հարցնում են, թե Կատալինան կարո՞ղ է իշխանությունը վերցնել: Լենտուլիուսը պատասխանում է, որ տեսականորեն հնարավոր է, եթե կելտական ցեղերը օգնական զորք տրամադրեն: Հռոմեացիների անարդարություններից վրդովված ալլոբրոգները լրջացնում են խոսակցությունը, այնուհետև այդ մասին պատմում ծագումով ալլոբրոգ բարձրաստիճան մի գործչի՝ Քվինտ Ֆաբիա Սանգային: Սակայն փորձված ու շրջահայաց Սանգան, հասկանալով, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ դավադրության մասնակից լինելը, այդ մասին անմիջապես տեղեկացնում է Կիկերոնին: Այդ իմանալով Կիկերոնը կազմում է շատ խորամանկ ծրագիր: Կիկերոնի հանձնարարությամբ ալլոբրոգները Լենտուլիոսին առաջարկում են պաշտոնական նամակով դիմել իրենց ցեղերի առաջնորդներին: Լենտուլիուսը և ընդդիմադիր 3 այլ պատրիկներ՝ Ցեգետոսը, Ստատիլուսը և Գաբինիուսը իրենց անձնական կնիքներով նամակներ են գրում ալլոբրոգների ցեղապետներին (պատրիկներից յուրաքանչյուրը նամակով Հռոմ էր հրավիրում կելտական առաջնորդներից մեկին): Ալլոբրոգները ոմն Տիտոս Վոլտուրցիոսի ուղեկցությամբ ուղևորվում են Գալիա, սակայն Հռոմից դուրս գալու ճանապարհին ձերբակալվում են հռոմեացի զինվորների կողմից, իսկ նամակներն առգրավվում ու հանձնվում են Կիկերոնին: Ստանալով դավադրության կազմակերպման փաստացի ապացույցներ, Կիկերոնը Սենատի արտահերթ նիստ է հրավիրում Համերաշխության տաճարում: [img]/ups/images/0246155001475609865574427.jpg[/img] [i]Սենատի նիստը 64թ. դեկտեմբերի 3-ին Համերաշխության տաճարում[/i] Հաջորդ առավոտյան (դեկտեմբերի 3-ին) Համերաշխության տաճարում Սենատի նիստի ժամանակ հարցաքննում են պատրիկ Տիտոս Վոլտուրցիոսին: Սկզբում նա ամեն ինչ ժխտում է: Սակայն երբ Սենատը խոստանում է երաշխավորել նրա անձնական անվտանգությունը, Վոլտուրցիոսը մանրամասն պատմում է դավադրության ծրագիրը: Ըստ այդ ծրագրի դավադրության ղեկավարը Լենտուլիոսն էր: Սկզբում պետք է հանրահավաք կազմակերպեին, քննադատեին և վատաբանեին Կիկերոնին, ամբոխին դրդելով զանգվածային անկարգությունների: Անկարգությունների ժամանակ Ստատիլիուսն ու Գաբինիուսը պետք է հրդեհեին քաղաքը միաժամանակ 12 վայրերում: Իսկ Ցեգետոսը պետք է սպաներ Կիկերոնին: Վոլտուրցիոսի խոսքերը հաստատում են ալլոբրոգները: Դրանից հետո Սենատը որոշում է ձերբակալել դավադիր պատրիկներ՝ Լենտուլիոսին, Ցեգետոսին, Ստատիլուսին և Գաբինիուսին: Ձերբակալվում է նաև ոմն Ցեպարիոսը, որն իբր պիտի ապստամբություն բարձրացներ Ապուլիայում (մարզ հարավային Իտալիայում): Դավադիրների ձերբակալման լուրն արագ տարածվում է քաղաքում: Եվ երեկոյան հոծ բազմություն է հավաքվում Համերաշխության տաճարի մոտ: Կիկերոնը դուրս է գալիս և ելույթ ունենում ժողովրդի առջև: Դա թվով երրրոդ ճառն էր Կատալինայի դավադրության մասին: Կիկերոնը պատմում է, թե ինչպես են բացահայտել դավադիրների ծրագրերը, ինչ հրեշավոր հանցագործություն էին մտահղացել Կատալինայի կողմնակիցները: Այս ելույթում ինքնագովեստն ավելին էր, քան քննադատությունն ու մեղադրանքները: Դեկտեմբերի 5-ին Կիկերոնը կրկին Սենատի արտահերթ նիստ է հրավիրում Համերաշխության տաճարում: Նիստում քննարկվում է, թե ի՞նչ պատիժ սահմանեն դավադրության կազմակերպիչների նկատմամբ: Առաջինը ելույթ է ունենում կոնսուլ Սիլանը: Նա առաջարկում է մահապատժի ենթարկել դավադիրներին: Այդ առաջարկությունը պաշտպանում են կոնսուլ Մուրենան և մի քանի այլ սենատորներ: Այնուհետև խոսք է վերցնում Հուլիոս Կեսարը (այդ ժամանակ Կեսարը պրետոր էր): [img]/ups/images/0667789001475609890507387.jpg[/img] [i]Հուլիոս Կեսար[/i] Հուլիոս Կեսարն առաջարկում է մահապատժի փոխարեն դավադիրներին ցմահ ազատազրկման դատապարտել, ունցվածքի բռնագրավմամբ: Կեսարի խոսքը ազդեցիկ տպավորություն է թողնում և սենատորների մի մասը պաշտպանում է Կեսարի առաջարկը: Այդ ժամանակ Կիկերոնն ասում է. «Կեսարի առաջարկը վատը չի, բայց ես առաջարկում եմ ընդունել Սիլանի առաջարկը»: [img]/ups/images/0429401001475609923267047.jpg[/img] [i]Հռոմի Մամերտինյան բանտի բանտախուցը[/i] Դեկտեմբերի 5-ին երեկոյան 5 պատրիներին՝ Լենտուլիոսին, Ցեգետոսին, Ստատիլուսին, Գաբինիուսին և Ցեպարիոսին մահապատժի են ենթարկում Մամերտինյան բանտում, առանց դատարանի վճռի: Այնուհետև Կիկերոնը գալիս է ֆորում և հավաքված ամբոխի առաջ բացականչում մեկ բառ՝ «Vixerunt» («Ապրեցին»): Դրանից հետո Կիկերոնին, որպես Հռոմի փրկչի, շնորհվում է բարձրագույն պատվավոր կոչում՝ Հայր հայրենյաց (Pater Patriae): Սակայն այսքանով Կատալինայի դեմ պայքարը չի ավարտվում: Էտրուրիայում էր գտնվում Կատալինան իր փոքրաթիվ զորքով: Հռոմեական զորքը սկսում է հետապնդել Կատալինային: Հաջորդ տարվա (62թ.) հունվարին Կատալինան Պիստորի քաղաքի մոտ շրջափակման մեջ է ընկնում: Կատալինան փորձում է ճեղքել շրջափակումը: Սակայն հռոմեական մի քանի տասնյակ հազարանոց զորքը ջախջախում է Կատալինայի չորս հազարանոց զորքին: Ինքը՝ Կատալինան զոհվում է այդ անհավասար մարտում: [img]/ups/images/0457164001475609937975506.jpg[/img] [i]Գայոս Սակյուսիոս Կրիսպոս՝ «Կատալինայի դավադրությունը» տրակտատի հեղինակը[/i] Հետագայում Հուլիոս Կեսարը բազմիցս հանդիմանել է Կիկերոնին՝ Կատալինային հետապնդելու և սպանելու համար: Սակայն արդարացման վճիռ չի կայացվել: 19 և 20-րդ դարերում Կատալինայի դավադրության մասին բազմաթիվ գրքեր են գրվել: Դրանց մեծ մասում Կատալինան ռոմանտիզացվել է:

Նմանատիպ նյութեր