211652_close_icon
views-count2308 դիտում article-date 22:17 07-10-2016

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներն են

Պետական եկամուտների կոմիտեն իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից: Հատկանշական է, որ իրավախախտը նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում, ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով: Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ սահմանին օգտվելով գործընթացի ազատականացումից, իրացման շուկայում են փորձում շրջանցել օրինական դաշտը: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանի տեղեկացմամբ` օպերատիվ հետախուզության վարչությունն, այդ թվում 2-րդ բաժինն առանձնակի հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների ներմուծման և իրացման ամբողջական շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Ամենատարածված տիպային սխեմաներից է, օրինակ, երբ որոշ տնտեսվարողներ ձեռքբերման փաստաթղթերում ցույց են տալիս ոչ հավաստի կամ էապես ավելի ցածր գներ, քան, ասենք կարող է լինել ապրանքի իրական ձեռքբերման արժեքը»: ՕՀՎ 2-րդ բաժնի աշխատակիցները ՌԴ-ից տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող Գագիկ Ավդալյանին պատկանող «Գալինա» ՍՊԸ-ում ստուգմամբ աննխադեպ խախտում են հայտնաբերել: Ըստ Գարիկ Դարբինյանի, բացահայտվել է, որ «Գալինա» ընկերությունը ներմուծված ապրանքներն իրացնում է մեծ խմբաքանակներով և տարբեր քաղաքացիների անուններով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի միջոցով: «Սակայն քաղաքացիների անձնագրային տվյալների վերաբերյալ հարցումներից պարզվել է, որ նման քաղաքացիներ ՀՀ-ում չկան: Իրացման փաստաթղթային գները նույնպես հավաստի չեն»,- տեղեկացրել է ՕՀՎ 2-րդ բաժնի պետը: Այսպես, ՀՀ ներքին շուկայում նվազագույնը շուրջ 600 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 լիտր արևածաղկի ձեթի իրացման գինը տնտեսվարողը հաշվապահորեն ձևակերպվել է 65 ՀՀ դրամ, շուրջ 1.500 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ կարագի գինը՝ 200-250 ՀՀ դրամ, շուրջ 650-700 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ ոսպի գինը՝ 85 ՀՀ դրամ: Ի դեպ, Գագիկ Ավդալյանը հիմնադրել և ղեկավարում է նմանատիպ գործունեությամբ զբաղվող ևս 4 ընկերություն` «ԼԼԼ Ստարտ», «Դանի Պլյուս», «Գալինա», «Լիգա Տրանս», «Գագ Թրեյդ» ՍՊԸ-ները: Բոլոր ընկերություններում էլ ներկայում ստուգումներ են իրականացվում օպերատիվ հետախոսուզության վարչության մյուս ստուրաբաժանումների կողմից: Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով, ըստ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանի, ներմուծված ապրանքների վերաբերյալ հարկային տեսչություններ է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, որոնցում որպես այդ ապրանքների ձեռք բերման գին նշել է ՌԴ-ից ստացված մաքսային հայտարարագրերում արտացոլված արժեքները՝ դրանցից հաշվարկելով ԱԱՀ: Բացի այդ, Գագիկ Ավդալյանը «Գալինա» ընկերությունով Երևանի «Սուրմալու» տոնավաճառում վարձակալելով տաղավար` ստացել է ՀԴՄ սարք, որով, ընկերության կողմից ներկրված ամբողջ տեսականին որպես իրացում ցույց տալու նպատակով կատարել է կեղծ գործարքներ, սական քննությամբ պարզվել է, որ տաղավարում վաճառվել են միայն սպիտակեղեն ու անկողնային պարագաներ: Ներկայում ընկերությունում ստուգումը կասեցված է, ձեռքբերված տեղեկությունները և հաշվարկները ուղարկվել են քննչական մարմին: Կատարվում է նախաքննություն: «Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների հարկային բեռը շուրջ 10 անգամ արհեստականորեն նվազեցնելու՝ հետևաբար նաև դրանից ծագող հարկային պարտավորությունները թաքցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից»,- նշել է ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ նման անօրինական գործողություններից. «Վստահեցնում եմ, որ հատկապես անբարեխիղճ տնտեսվարողները մշտապես մեր դիտակետում են և նրանց նկատմամբ շարունակելու ենք խիստ և հետևողական հսկողությունը»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանը: [b]ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր