211652_close_icon
views-count2043 դիտում article-date 15:56 13-10-2016

Վիլնյուսում տեղի է ունեցել ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 11-ին Վիլնյուսի «Կոնգրես» համերգասրահում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Հայաստան-Լիտվա 25» խորագիրը կրող սիմֆոնիկ համերգ և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Համերգի առաջին հատվածը ղեկավարել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, մյուսը՝ Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Գինտարաս Ռինկեվիչյուսը։ Համերգին կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ դաշնակահար Արմեն Բաբախանյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը։ Համերգացանկում ընդգրկված են եղել հանրաճանաչ կատարումներ հայազգի և լիտվացի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Միջոցառման շուրջ 1000 հյուրերի մեջ ներկա են եղել Լիտվայի նորանկախ պետականության հիմնադիր հայր Վիտաուտաս Լանդսբերգիսը, նախարարներ, Լիտվայի կառավարության ներկայացուցիչներ, կառավարության նախկին ղեկավարներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, ականավոր մտավորականներ, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությանը, ինչպես նաև իրենց նշանակալի ներդրումն են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչները։ Համերգի բացմանն ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, մասնավորապես, նշել է. «Շատ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախությունը նշվում է անկախ Լիտվայում։ Հայերը մշտապես հիշելու և գնահատելու են, որ Լիտվան բոլոր պետություններից առաջինն է ճանաչել Հայաստանի անկախության վերականգնումը 1991թ-ին։ Շատ լիտվացիներ իրենց հերթին հիշելու են փաստը, որ Հայաստանի ղեկավարությունը 1991թ․ հունվարին սովետական զինվորականության և «Սայուդիս» շարժման առաջնորդների միջև հանդես է եկել միջնորդի դերում՝ կանխելով Վիլնյուսում հնարավոր նոր արյունահեղությունը»։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հայ և լիտվացի ժողովուրդների փոխադարձ համակրանքն ու հարգանքը ունի դարերի պատմություն, և դեռևս 13-րդ դարում շատ հայ առևտրականներ, զինվորականներ և մտավորականներ` որպես պատվավոր քաղաքացիներ, բնակվում էին Լիտվայի Մեծ Դքսությունում։ Նշելով, որ ներկայումս ընդլայնվում է հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ երկխոսությունը և վերջին երկու տարիները նշանավորվել են առևտրաշրջանառության կտրուկ աճով, դեսպանն ընդգծեց նաև Լիտվայի հայ համայնքի դերը` շեշտելով, որ այն հանդիսանում է կարևոր կամուրջ իրենց նոր բնակավայրի և հայրենիքի՝ Հայաստանի միջև։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` դեսպան Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում ակնկալվում է «Շրջանակային համաձայնագրի» ստորագրումը։ Դեսպանը ուրախությամբ նշեց, որ Լիտվան Հայաստանի աջակիցն է եղել այս գործընթացում։ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումը լայնորեն լուսաբանվել է լիտվական ԶԼՄ-ներում: ՀՀ դեսպանը առանձին հարցազրույց է տվել լիտվական գլխավոր LRT հեռուստաընկերությունը, որում անդրադարձել է Հայաստանի անկախության 25-ամյակի խորհրդին, հայ-լիտվական պատմական հարաբերություններին, Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, լիտվահայ համայնքին։

Նմանատիպ նյութեր