73787 դիտում
13:04 19-10-2016
Գյուղացիներն ասում էին. «Նախարարի օպերատիվ գործողությունների շնորհիվ կմոռանանք մահաբեր ոլորանի մասին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ սկսվել է լայնամասշտաբ աշխատանքների ձեռնարկում՝ Երևանից դուրս բոլոր մարզային ճանապարհների՝ վտանգավոր ոլորանների, կամուրջների, սողանքային հատվածներում անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի հանձնարարականով «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ը ուսումնասիրել և հայտնաբերել է այնպիսի ճանապարհային հատվածներ, որտեղ «Ճանշին»-ների կողմից նախկինում տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշները, երթևեկությունը կարգավորող ցուցանակները քաղաքացիների կողմից հափշտակվել էին, ու հիմա «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի աշխատակիցները սկսել են նշված հատվածներում երկաթբետոնե արգելապատնեշների տեղադրման աշխատանքները։
Այս պահին Ա. Արշակյանի գլխավորությամբ մասնագետները գտնվում են Վայոց Ձորի մարզում, որտեղ Սարավանի ոլորաններում նախկինում տեղադրված նշաններն ու արգելապատնեշները գողացվել էին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախարարի հանձնարարությամբ մինչև ուրբաթ գյուղացիների կողմից «Մահվան ոլորան» անունը ստացած այդ հատվածում հերթական անգամ տեղադրվելու են նոր արգելապատնեշներ և ցուցանակներ։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ոնց որ թե նոր նախարարն էլ էլի լավ է սկսել իր գործը։ Սաղս էլ գիտենք, որ էդ նշաններն ու արգելապատնեշները մեր անվտանգության համար ա տեղադրվում։ Վստահ ենք, որ տեղադրելուց հետո նորից չեն գողանա։ Ճանապարհի էս հատվածում շատ են ավտովթարներ տեղի ունենում, մեքենաներն էլ ադիբուդիի նման հայտնվում են ձորում։ Ցավոք, մի քանի դեպքեր ողբերգական են եղել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում Ա. Արշակյանը հարցը քննարկեց տեղի ճանշինականների, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի հետ և տեղեկացրեց, որ նախարարը կարգադրել է՝ չսպասեն, թե Վայքի ոստիկանները երբ կբացահայտեն այն գողացողներին ու մինչ ուրբաթ նախարար Վ. Մարտիրոսյանը հանձնարարել է աշխատանքների ավարտական փուլի մասին տեղեկացնել։
Վստահ ենք, որ նախարարի և «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի գործողությունների արդյունքում, իհարկե, եթե մարդիկ նորից չգողանան արգելապատնեշներն ու ճանապարհային նշանները, գյուղացիները կմոռանան մահաբեր այս ոլորանի մասին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախարարի հրամանով նմանատիպ աշխատանքներ են սկսվել և մինչ Ամանոր պետք է ավարտին հասցվեն նմանատիպ մի քանի ճանապարհներին բացակայող նշանների տեղադրման աշխատանքները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+