211652_close_icon
views-count1740 դիտում article-date 17:25 19-10-2016

Նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 19-22-ը, Երևանում և նվիրված է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին ու ինստիտուտին Հայաստանի անդամակցության 25-ամյակին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում, որի շրջանակներում մեկ հարկի տակ են հավաքվել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 17 անդամ պետություններից անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, ինստիտուտի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Անվանի գիտնականների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները և հավաքը մեկ տեղում Սերժ Սարգսյանը լավ հնարավորություն է համարել գիտական հանրության ներկայացուցիչների և հատկապես երիտասարդ գիտնականների համար՝ գիտության ասպարեզում բարձր նվաճումների հասած անհատականությունների հետ անմիջական շփում ունենալու առումով: Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաև տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջև երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը և խրախուսում է Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը: Վիկտոր Մատվեևը իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար, անդրադարձել ինստիտուտի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանն ինստիտուտին անդամակցումից ի վեր՝ անցած 25 տարիներին բավականին ակտիվորեն է մասնակցել ինստիտուտի գործունեությանը:

Նմանատիպ նյութեր