211652_close_icon
views-count2873 դիտում article-date 19:54 27-10-2016

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Հյուսիսային Օսիա – Ալանիա

Հոկտեմբերի 24-25-ը Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Հյուսիսային Օսիա – Ալանիա Հանրապետությունում: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսի և Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հանդիպումը, որին մասնակցում էին նաև Հյուսիսային Օսիա-Ալանիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը, ներքին գործերի նախարար Միխայիլ Սկոկովը և ազգային հարաբերությունների նախարար Ասլան Ցուցիևը: Հանդիպմանը քննարկվեցին Հարավային Օսիայի և ՀՀ մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը շնորհակալություն հայտնեց տեղի իշխանություններին` հոկտեմբերի 14-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարին արագ արձագանքելու և տուժածներին ցուցաբերած օգնության համար: Իր հերթին Վյաչեսլավ Բիտարովը ներկայացրեց վթարի հետևանքով ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվող քայլերը և հավաստիացրեց, որ տուժած քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց Բեսլանի Հյուսիս-կովկասյան բժշկական կենտրոն, որտեղ գտնվում են Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիները: Վարդան Ասոյանը բժշկական կենտրոնում հանդիպեց տուժածներին և բժշկական հաստատության ղեկավարությանը, որի հետ քննարկվեցին ձեռնարկվող բժշկական միջոցառումներին և հետագա քայլերին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր