211652_close_icon
views-count4654 դիտում article-date 21:06 29-10-2016

Վիտամինների օգտագործման և հայտնաբերման պատմությունը․ հետաքրքիր փաստեր

Դարեր շարունակ ճանապարհորդությունների ժամանակ ծովային նավերի վրա անսպասելիորեն հայտնվում էր լնդախտ կոչվող սոսկալի հիվանդությունը։ Սկսում էին արյունահոսել մարդկանց լնդերը, շարժվել ատամները։ Նավաստիները թուլանում և ուժասպառ վայր էին ընկնում։ Լնդախտն ավելի շատ զոհ էր խլում, քան նավաբեկությունները։ Այդ ժամանակ չգիտեին, որ լնդախտն առաջանում է սննդի մեջ C վիտամինի պակասից։ XVI դարում բժիշկներն սկսեցին մշակել լնդախտի բուժման եղանակներ։ Ճանապարհորդության մեկնելիս անգլիական ռազմածովային նավատորմում, որպես սննդի կարևորագույն մաս, վերցնում էին կիտրոն։ XVIII դարում ռախիտի բուժման համար սկսեցին լայնորեն օգտագործել ձողաձկան լյարդի ճարպը։ Հին չինական գրավոր աղբյուրներում հիշատակվում է հավկուրություն հիվանդությունը, որն արտահայտվում էր մթության մեջ մարդու տեսողության վատացմամբ։ Այս հիվանդության բուժումն առաջինն առաջարկել է Հիպոկրատը։ Բուժիչ նպատակով վիտամինների օգտագործումը՝ վիտամինաբուժությունը, նախկինում կիրառվում էր դրանց անբավարարության ժամանակ։ XX դարի կեսերին վիտամինաբուժության շրջանակն զգալիորեն ընդլայնվեց. վիտամիններն սկսեցին օգտագործել ինչպես սննդի, այնպես էլ անասնակերի վիտամինացման համար։ Ժամանակակից բժշկության մեջ լայնորեն կիրառվում են նաև պոլիվիտամինները, որոնցից են պիկովիտը, մուլտինը, յունիկապը, մուլտի տաբսը, բևի պլեքսը և այլն։ Վիտամինները, որպես ինքնուրույն քիմիական նյութ, հայտնաբերել է ռուս բժիշկ Ն. Լունինը 1880 թ-ին։ Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), անհրաժեշտ են նաև այլ նյութեր, որոնց բացակայությունը հանգեցնում է հիվանդությունների կամ մահվան։ Այնուհետև նիդեռլանդացի բժիշկ, մանրէաբան Ք. Էյկմանը ցույց է տվել, որ մարդկանց բերի-բերի հիվանդության պատճառը թեփահանված բրնձի օգտագործումն է, և այն կարելի է բուժել բրնձի թեփի պատրաստուկներով։ 1912 թ-ին լեհ բժիշկ Կ. Նունկը բրնձի թեփից անջատել է մի բյուրեղային նյութ, որը բուժում էր բերի-բերին, ցույց տվել, որ այն պարունակում է ազոտ (ամին խմբի ձևով), և անվանել է վիտամին։

Նմանատիպ նյութեր