211652_close_icon
views-count1396 դիտում article-date 20:16 01-11-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 130 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում: Հարկ է նշել, որ արդեն 23 տարի գործող ծրագիրը չորրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ծրագրի ծախսերի շուրջ 50 տոկոսը: Բարեգործական ծրագրով նախատեսված օրական մեկ անգամ տաք սնունդից բացի շահառուներն օգտվում են նաև «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտը ներառում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրով մայրաքաղաքում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը: «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ- Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույնաբար հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր հասցնում նրանց: «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակում էլ հատուկ կարիքներով երեխաների հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում՝ երեխաների սնունդը հոգալու համար: Այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է շահառուների հետ, լսել ծրագրի ընթացքի վերաբերյալ նրանց կարծիքները:

Նմանատիպ նյութեր