211652_close_icon
views-count5291 դիտում article-date 22:37 04-11-2016

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» միջազգային 17-րդ հեռուստատեսային մրցույթին մասնակցում են նաև հայաստանցի երաժիշտները

Ս. թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը, Մոսկվայում կկայանա Պատանի երաժիշտների «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Կոստա-Ռիկայից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` այս տարվա մրցույթին Հայաստանից կմասնակցի Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան) և Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի փողային բաժնի աշակերտ, գալարափողհար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Թադևոսովը (դասատու` Հայկ Մկրտչյան, Պաոլո Րիզզուտո): Պանատի երաժիշտ-կատարողները կկատարեն Ն. Ֆյոդորովի, Կ. Լորենցի, Վ. Ա. Մոցարտի, Յ. Հայդնի, Կ. Պոպերի ստեղծագործությունները: Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում` դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին: Հիշեցնենք, որ Պատանի երաժիշտների «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») միջազգային հեռուստատեսային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին` ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի կողմից: Իր տեսակի մեջ եզակի այս երաժշտական մրցույթը մինչ օրս մնում է Ռուսաստանի Դաշնության մանկական հեռուստատեսային միակ մրցույթը` դասական երաժշտության բնագավառում: Տարիների ընթացքում մրցույթն ունեցել է ավելի քան 1000 մասնակից` աշխարհի մեկուկես տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրիա, Բուլղարիա, Բելառուս, Հունգարիա, Վրաստան, Ղազախստան, ԱՄՆ, Կանադա, Կորեա, Ֆրանսիա, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա և այլն: Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: Նշենք նաև, որ Հայաստանի պատվիրակները «Շչելկունչիկ» մրցույթին, մշտապես, ցուցաբերել են գործուն մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. Էմմանուել Ճգնավորյան (ջութակ)` «Արծաթե Շչելկունչիկ-2006» /2006 թ./, Դիանա Խաչատրյան (դաշնամուր)` դիպլոմ /2009 թ./, Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)` դիպլոմ /2011 թ./, Դիանա Ադամյան (ջութակ)` «Արծաթե Շչելկունչիկ-2012» /2012 թ./, Դանիել Մելքոնյան (շեփոր)` «Բրոնզե Շչելկունչիկ-2014» /2014 թ./ Արտյոմ Իոանիսյան (թավջութակ)` դիպլոմ /2015 թ./:

Նմանատիպ նյութեր