211652_close_icon
views-count3268 դիտում article-date 23:16 09-11-2016

Երևանում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» խորագրով հայաստանյան համերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին և հաջողությամբ իրականացվել Բեռլինիում, իսկ 2016 թվականին` Դրեզդենում և Բրանդենբուրգում: Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Oհրինգի «Դիմում Էրդողանին. դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք փառքեր իմ» ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Անդրեա Մոլինոն, մենակատարներ` Մարկ Սինան, Մաթիաս Վորմ, Կարլ Թիմտ, Արայիկ Բախտիկյան: Ս. թ. նոյեմբերի 8-ին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ընդունել է նվագախմբի անդամներին և դիրիժորին: Անդրադառնալով համերգի իրականացմանն ու կարևորությանը նախարարի տեղակալը նշել է, որ այն հարցերը, որոնք քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել, հաճախ լուծվում են արվեստի միջոցով:

Նմանատիպ նյութեր