211652_close_icon
views-count3930 դիտում article-date 16:43 15-11-2016

Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գովազդի բաժնի պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ նախորդ շաբաթ մայրաքաղաքում կատարած կրկնակի ստուգայցերի արդյունքում նախկինում գույքագրված 305 վահանակի փոխարեն այս անգամ գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 532 գովազդային վահանակ: Ըստ այդմ, 23 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակներն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին, իսկ 355 գովազդային վահանակ ապամոնտաժվել է: Եվս 154 վահանակ համապատասխանեցվել է oրենքի պահանջին: Զեկուցվել է, որ հիմնական խախտումները գրանցվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգապահական տույժի ենթարկել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պատասխանատուներին, իսկ իրավախախտման դեպքերի կրկնության պարագայում կիրառել օրենքով սահմանված ավելի խիստ պատժամիջոցներ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խիստ հսկողություն սահմանել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց վարձակալած տարածքներն աշնանային տերևաթափից մաքրելու նկատմամբ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 50 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հետևողական աշխատանքներն ու ամենօրյա հսկողությունը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող առևտրային օբյեկտների սեփականատերերին և վարձակալներին ծանուցվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ոգելից խմիչքներ վաճառելու արգելքի մասին: Սահմանվել է նաև խիստ հսկողություն թերացողների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր