211652_close_icon
views-count1326 դիտում article-date 18:13 18-11-2016

Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ ապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի փոխնախագահ Ժան Վապավուրիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին և առանձնակի կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի համար: «Մենք կարևորում ենք Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք կյանքի կոչված ու հաջողված համատեղ տարբեր ծրագրեր։ Այսօր ակտիվ փոխգործակցության ծրագրեր ենք իրականացնում կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման, մետրոյի և էներգախնայողության ոլորտների ուղղությամբ, և վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ՝ մասնավորապես քաղաքային տրանսպորտի կանոնակարգման ոլորտում, որն այսօր Երևանի առաջնային խնդիրներից է», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ժան Վապավուրին իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է հենց Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունից:

Նմանատիպ նյութեր