Քննարկվել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբեր 23-ին այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ («ANEL») ու շրջայց կատարեց կենտրոնի 4 հարկերում, ծանոթացավ ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներին։
«Ուսանողին տալ որակյալ ճարտարագիտական կրթություն արդի տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներում»,- այսպես ներկայացրեց լաբորատորիաների գործունեության նպատակը նախագծի համակարգող Ամալյա Մխիթարյանը։
«ANEL»-ը հիմնվել է 2013 թ.-ին և առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիաներից բաղկացած առաջադեմ փորձարարական կենտրոն է:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 6 տեխնիկական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեն կրթական գործընթացում աշխատել ուսումնական ստենդերի վրա` իրենց ստացած տեսական գիտելիքները կատարելագործելով նաև գործնական-լաբորատոր աշխատանքով։
«ANEL»-ի խնդիրն է՝ ամրապնդել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները` բարելավելով ու համաշխարհային չափորոշիչներին համահունչ արդիականացնելով կրթական և հետազոտական լաբորատորիաները:
Վահան Մարտիրոսյանը բարձր գնահատեց «ANEL»-ի նշանակալի դերը համալսարանի ուսանողների ուսումնառության ընթացքում և հույս հայտնեց, որ այստեղ կզարգանան նորարարական գաղափարներ ու ինժեներական լուծումներ։
Նախարարը քննարկեց նաև հնարավոր համագործակցության հեռանկարները` հետաքրքրվելով, թե ինչպիսի գաղափարներ ունեն «ANEL»-ի սաները նախարարության գործունեության ոլորտներում տեղի ունեցող գործընթացներն ավտոմատացնելու համար։
Այդ առումով հետաքրքրական էր ներկայացված ճանապարհային երթևեկության ավտոմատ կառավարման նախագիծը։
Վահան Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ այս կառույցն օգնության է գալիս լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ընկերություններում մասնագետների պակասը։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]