3227 դիտում
18:00 25-11-2016
Գործարկվեց SCADA հեռակառավարման ծրագիրը. Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. հոկտեմբերին
Հոկտեմբերին կայացավ ոչ միայն հաշվետու ամսվա, այլև, թերևս, տարվա ամենակարևոր իրադարձությունը: Ավարտվեց Հայաստանի բոլոր 5 ջրամատակարար ընկերությունների համակարգերի միասնական օպերատորի միջազգային մրցույթը, որը նորից շահեց Երեւան Ջուր ՓԲԸ հիմնադիր ֆրանսիական Veolia ընկերությունը: (15-ամյա վարձակալության պայմանագիրը ՀՀ ԷԵԲՊՆ-ի Ջրտնտպետկոմիտեի եւ Վեոլիայի միջեւ կնքվեց նոյեմբերի 21-ին): Միջազգային մրցույթով պայմանավորված, ընթացիկ տարին զարգացման առումով սովորականից «կարճ» եղավ: Մասնավորապես, հաշվետու ամսում Երևանում շինարարություն գրեթե չի ընթացել: Ընդամենը կառուցվել է 767մ ջրագիծ եւ 166մ կոյուղագիծ: Քանզի հարկ է մինչեւ տարեվերջ արածն ամփոփել ու ընկերության ողջ գույքը նոր կազմակերպությանը հանձնել:
Սակայն դա չի նշանակում, որ այս ընթացքում համակարգում «ձեռքերը ծալած են նստել»: Այստեղ ևս մեզ լավ նորություն է սպասվում: Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո, գործարկվեց SCADA հեռակառավարման ծրագիրը, որը ընկերության Կենտրոնական կարգավարական խմբին հնարավորություն է տալիս առանց ժամանակ կորցնելու, «մեկ կոճակի» միջոցով Աբովյան 66ա հասցեից՝ ուղղակիորեն միջամտել ջրամատակարարման ողջ համակարգի կառույցների աշխատանքին, անմիջապես լուծել առաջացող տեխնիկական խնդիրները: Իսկ դա ժամանակի տնտեսում է (առնվազն), ինչը թույլ է տալիս խուսափել ջրի կորուստներից, ապահովել դրա որակը, ջրամատակարարման կայունությունը, հետեւաբար՝ ժամանակացույցն ու ճնշումը:
Եվ ահա ծրագրի «առաջին ծիծեռնակը» ճախրեց Ապարանի ջրաղբյուրում: Տարին 7-8 ամիս այստեղ ցուրտ, փոփոխական եղանակ է, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում, հատկապես ձմռան ամիսներին, ջրաղբյուրի 13 խորքային պոմպերի շահագործման համար: Դրանով էլ պայմանավորված, SCADA ծրագիրը առաջինը գործարկվեց հենց այստեղ: Ապարանի ջրաղբյուրի մասնագետներն այլեւս կարիք չունեն բուք ու բորանին այցելել քաղաքից դուրս տեղակայված պոմպակայաններ, դրանք միացնել-անջատելու համար: Երեւան Ջրի Կենտրոնական գրասենյակում մոնիտորի վրա արդեն իսկ հնարավոր է տեսնել պոմպերի արտադրած ջրաքանակը, ճնշումը, էլեկտրաէներգիայի ծախսը, հզորությունը, լարումները և հոսանքի ուժը: Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ միջամտել դրանց աշխատանքին:
Ջրատար համակարգի բարելավման շրջանակներում կարգավորվել են «Արզական-Գյումուշ», «Ծարավաղբյուր», «Ապարան-Երևան» ջրատարների օդահեռ փականները: Նոր Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Երեւանի ՋԷԿ ձգվող ջրատարի վրա տեղադրվել է D=400մմ գծային փական: Նաեւ վերացվել է ջրատարի վրա հայտնաբերված վթարը: Մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում ջրամատակարարումը բարելավելու, ցանցի հուսալիությունը բարձրացնելու և վթարների քանակը կրճատելու նպատակով վթարված մետաղյա ջրագիծը փոխարինվել է պոլիէթիլենե նոր ջրագծով: Կատարվել են նաեւ այլ անհետաձգելի աշխատանքներ Երեւանի եւ դրան հարակից, ընկերության սպասարկման տարածքում գտնվող 30
գյուղերում. գաղտնի վթարների հայտնաբերում եւ վերացվում, փականների փոխարինում, ջրաչափական հանգույցների տեղափոխում, դիտահորերի մաքրում եւ այլն: Նաեւ շահագործումից հանվել է 3027 մ վթարված ջրագիծ, որոնք առնվազն ջրի կորստի պատճառ էին հանդիսանում:
Ինչ վերաբերում է գործունեության արդյունքներին, ապա դրանք առավել քան գոհացուցիչ են: Անցյալ ամիս մենք տեղեկացրել էինք, որ սեպտեմբերը Երեւան Ջրի համար բոլոր առումներով ռեկորդային ամիս էր:
Բայց ահա հոկտեմբերին ավելի բարձր ցուցանիշներ արձանագրվեցին: Մասնավորապես, Էլեկտրաէներգիայի ծախսը գործունեության ողջ ընթացքում իջել է առավելագույն ցածր ցուցանիշի՝ 31 հազար կՎտժ-ի օրական, նվազագույնի է հասել նաեւ ջրի արտադրությունը՝ վայրկյանում 7960 լիտր: Իսկ ջրամատակարարման շարունակականությունը Երևանում, ընդհակառակը, հասել է առավելագույն` 98.2 տոկոսի:
Ահա այսպիսի ռեկորդային ցուցանիշներով էլ Երեւան Ջուրը գնում է դեպի տարեմուտ:
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2178 դիտում
21:43 21-12-2018
Հայաստանի ջրմուղը՝ 107 տարեկան. Ջրավաճառ տղայից՝ SCADA հեռակառավարման համակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1344 դիտում
16:27 23-11-2015
«Երկրորդ կյանք»` Գառնիի ջրաղբյուրին. «Երևան Ջուր» ՓԲԸ-i գործունեությունը 2015թ. հոկտեմբերին
2297 դիտում
16:06 28-06-2016
Համակարգը պատրաստ է ջրի սպառման «պիկերին». Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. մայիսին