211652_close_icon
views-count1928 դիտում article-date 22:31 25-11-2016

Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մշտական կապի մեջ է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի և Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հարցում առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքենաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365  հազար դրամ: 2016թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց: Սփյուռքի նախարարության կողմից նախապատրաստվել և ընթացք է տրվել ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու գործընթացում առաջին անգամ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում հանձնելու՝ ՀՀ կառավարության որոշման գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին: Նախարարը նշեց, որ 2016-2017թթ. ուսումնական տարում նույնպես սիրիահայ ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ֆինանսավորմամբ: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության կազմը համալրվել է 4 հրավիրյալ մասնագետներով, որոնց տեխնիկական ապահովումը և աշխատավարձերի փոխհատուցումը ֆինանսավորվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց նաև, որ բանակցություններ են ընթանում Քուվեյթի և Չեխիայի պետությունների հետ Հայաստանում սիրիահայերի համար սոցիալական բնակարաններ կառուցելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր