211652_close_icon
views-count3698 դիտում article-date 18:39 27-11-2016

Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդային: Նախարարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձան համագործակցության հաստատման հնարավոր ուղիներին: Կողմերը քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր, անդամ պետությունների միջև այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլեր: Նախարար Չիբանդան ներկայացրեց ԿԴՀ-ում ընտրական գործընթացը, երկրում կայունություն ապահովելու նպատակով ձեռնարկվող քայլերը, այդ գործում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը: Կողմերը քննարկեցին երկու պետությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, մտքեր փոխանակեցին տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերին: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռայմոնդ Չիբանդան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ հուշագիր: Նախարարներն ընդգծեցին, որ սա նախորդ տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման տրամաբանական շարունակությունն է, որը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղենիշների սահմանման համար:

Նմանատիպ նյութեր