211652_close_icon
views-count2898 դիտում article-date 15:48 29-11-2016

Կյանքից հեռացել է հայտնի ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը

78 տարեկան հասակում նոյեմբերի 28-ին մահացել է հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: Յու. Չիլինգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Կիեւյան 1, բնակարան 10 հասցեում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից: Մեծ է Յուրի Չիլինգարյանի ներդրումը լազերային ֆիզիկայի եւ ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում: Իր գիտական գործունեությունը նա սկսել է ավելի քան 50 տարի առաջ՝ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, երբ ողջ աշխարհում դեռ նոր էին սկսվում լազերային թեմատիկայի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, եւ Յուրի Չիլինգարյանը հենց սկզբից ներգրավվել է այդ աշխատանքներում: 1962թ-ին ԵՊՀ–ում Չիլինգարյանը անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը: Գիտական ասպարեզում նրա կայացումը տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում՝ ականավոր գիտնականներ, ոչ գծային օպտիկայի դասականներ պրոֆեսոր Ս.Ա.Ախմանովի եւ ակադեմիկոս Ռ.Վ.Խոխլովի ղեկավարությամբ: 1972 թ. Յուրի Չիլինգարյանը ընտրվել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ: 1984 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1996 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս: Յուրի Չիլինգարյանի աշակերտների թվում են 6 դոկտոր եւ 12 գիտության թեկնածուներ: Կիրառական բնույթի իր աշխատանքներով Յուրի Չիլինգարյանն ունի 9 հեղինակային վկայական օպտոէլեկտրոնիկայի եւ մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա ավելի քան 250 հրատարակումների հեղինակ է: Յուրի Չիլինգարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմակերպմանը՝ Առաջին համամիութենական գիտական խորհրդակցություն՝ «Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ», Ոչ գծային օպտիկայի գծով համամիութենական նստաշրջան, Կոհերենտ եւ ոչ գծային օպտիկայի գծով միջազգային գիտաժողով, Հայ ֆիզիկոսների առաջին համաշխարհային համաժողով: Չիլինգարյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի շարք գիտական պրոբլեմային խորհուրդների անդամ էր: Օպտիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը Չիլինգարյանը վարել է մինչեւ 2007թ., միեւնույն ժամանակ, 1985-2000թթ. եղել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: 2006թ-ին Չիլինգարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 2009թ. նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչմանը: ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, հարազատների եւ Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:

Նմանատիպ նյութեր