211652_close_icon
views-count2713 դիտում article-date 11:33 30-11-2016

Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց ԵԱՏՄ-ին անդամակցելուց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մի գիշերում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, պետական մակարդակով պրոպագանդվում էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ենք ունենալու, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, այսինքն՝ մոտ 110 մլն դոլարով պակաս: 2013-ին դեպի Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն: 2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի և, վերջապես, Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո միության անդամ երկրներ ուղարկված ապրանքների ծավալը կտրուկ նվազել է: Ոչինչ չի փոխվել նաև ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործելու կարգի մասով. հայկական համարանիշներով բեռնատարները ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ԵԱՏՄ անդամակցելուց հետո օրերով հերթ են կանգնում Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների և մյուս երկրների ներկայացուցիչների նման: Թեև հայտարարվեց, որ Լարսի անցակետում ԵԱՏՄ երկրների ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար ստեղծվել է «կանաչ անցուղի», որի շնորհիվ մեր բեռնափոխադրողները և ուղևորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար, այնուամենայնիվ, խոստացված կանաչ միջանցքը այդպես էլ չի գործարկվում: Իսկ ո՞վ շահեց այդ համաձայնագրի ստորագրումից. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բարձր աշխատավարձով ազդեցիկ պաշտոն գրավեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Տիգրան Սարգսյանն իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ և 22 հազար դոլար, իսկ 2014-ին երբ ստիպված հրաժարական տվեց, բացի մի քանի անշարժ գույքերից, բաժնետոմսից ստացած գումարից՝ Սարգսյանը հայտարարագրեց 2 մլն 500 հազար դրամ և 955 հազար դոլար «քեշ գումար»: Սրանք պաշտոնապես»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր