211652_close_icon
views-count3090 դիտում article-date 17:00 30-11-2016

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանը միշտ վայելել է մեր ժողովրդի հարգանքն իր անբասիր ու պատասխանատու աշխատանքով` ուղղված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխմանը եւ կանխմանը, հանցագործությունների հայտնաբերմանը եւ բացահայտմանը: Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար: Պետությունն իր հերթին այսուհետ էլ կանի հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ` մշտական ուշադրության կենտրոնում պահելով համակարգի առջեւ ծառացած խնդիրները: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր