211652_close_icon
views-count2334 դիտում article-date 20:57 30-11-2016

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները: Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմերը հաստատել են նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

Նմանատիպ նյութեր