211652_close_icon
views-count2666 դիտում article-date 15:41 03-12-2016

Տեղի է ունեցել «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագրով համերգային միջոցառումը

Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան`սկսած գործատուների վերաբերմունքից մինչև իսկ՝ զուտ մարդկային շփումներ, չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան և այն ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ դառնալով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու համար մեծագույն անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։ Oրվա առիթով՝ երեկ տեղի ունեցավ «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող համերգային միջոցառումը, որի նպատակ էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հավասար պայմանների ստեղծումը և հավասար հնարավորությունների ապահովումն, ինչպես նաև նրանց մասնակցային ներառման կարևորության մասին հանրային իրազեկման բարձացումը։ Միջոցառումը ներառում էր նաև ֆոտո-ցուցահանդես, որի հիմքում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններն էին։ Անշուշտ, հավասար հնարավորությունների գաղափարի տարածումը և դրական փորձը արդյունավետ կանդրադառնան հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին կարծրատիպերի կոտրման հարցում և կնպաստեն նրանց իրավունքների մասին հասարակության իրազեկության բարձրացմանը ՀՀ-ում։ Միջոցառմանը ներկա էին կազմակերպության հովանու տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներ, երիտասարդներ, շահագրգիռ անձինք՝ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառմանն իրենց անզուգական կատարումներով հանդես եկան սիրված և հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, Դավիթ Հակոբյանը, Հրանտ Մուրադյանը, Շուշան Տոնոյանը, Մասիս Հունանյանը և Սամսոն Պանյանը։ Նշենք, որ «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» ծրագիրը իրականություն դարձավ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, որի առիթով մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում: Հավելում միջոցառումն իրականացնող կազմակերության մասին․ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որի առաքելությունն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծումը, ապահովումը։

Նմանատիպ նյութեր