211652_close_icon
views-count3259 դիտում article-date 16:39 07-12-2016

Արցախի վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հայկական համայնքի հոգևոր դասի, կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ, շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ, ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Կոնգրեսականներն իրենց ելույթներում աջակցություն են հայտնել Արցախի անկախությանը և զարգացման ընթացքին, ինչպես նաև դատապարտել են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կգործադրեն տարածաշրջանում խաղաղության ապահովման համար: Վարչապետ Հարությունյանի ելույթի տեքստը. «Սրբազա՛ն հայր, Հարգարժա՛ն կոնգրեսականներ, Հարգելի՛ դեսպան Հովհաննիսյան, Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Արցախի Հանրապետության ողջ ժողովրդի ու իշխանությունների և անձամբ իմ անունից՝ ողջունում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված այս ավանդական դարձած միջոցառմանը: Այն նշանավորվում է հոբելյանական՝ 25-րդ տարեդարձով, որը առիթ է հետադարձ հայացք ձգելու մեր քսանհինգամյա ուղու վրա և կանխանշելու առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, մեր շնորհակալություններն եմ հղում բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք աջակցել են Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործին, ընդհանրապես, և այս միջոցառման կազմակերպմանը, մասնավորապես: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում անցկացնելը խորհրդանշական է, քանի որ մեր երկու պետությունների արժեքային հիմքերը համընկնում են: Ամերիկյան ժողովուրդը շուրջ երկուսուկես դար առաջ պայքարեց իր ազատության համար և այսօր կառուցել է իր երազած հայրենիքը, որտեղ հարգվում են բոլոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները, որտեղ բոլոր մարդիկ ունեն անվտանգության բավարար պայմաններ ապրելու և արարելու համար, որտեղ մեծ երազանքներ են ծնվում և կյանքի կոչվում... 25 տարվա բարձունքից կարող ենք փաստել, որ, այո՛, Արցախի Հանրապետությունը նույնպես նշանակալի հաջողություններ է գրանցել մարդու իրավունքների և ազատությունների հարգման ու երաշխավորման, ազատական տնտեսության և ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցման ճանապարհին, սակայն մենք դեռ չենք հասել քաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացման ցանկալի մակարդակին, իսկ որ առավել կարևոր է՝ մեր ժողովուրդը մշտապես կանգնած է իր առաջնային պահանջմունքին՝ անվտանգությանը սպառնացող մարտահրավերների առջև: Պատճառը վաղուց գաղտնիք չէ՝ առնվազն մեզ համար. մեզ բաժին է հասել մի հարևան, որի իշխանությունները հերոսացնում են քնած ժամանակ հայ սպային կացնահարած և կենդանի զինծառայողին գլխատած մոլագարներին, որի իշխանությունները ողջ հայությանը թշնամի են հռչակել և ցանկացած հային սպանելը համարում են իրենց գերնպատակը, մի երկիր, որտեղ պետական մակարդակով և նույնիսկ մանկապարտեզներում ու դպրոցներում ֆաշիզմին բնորոշ ատելություն է սերմանվում իրենց հարևանի հանդեպ, և որտեղ վանդալիստական մեթոդներով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական պատմամշակութային բոլոր արժեքները: Ադրբեջանի պես հարևանի հետ երկարատև առճակատման պայմաններում Արցախի բնակչությունը ավելի քան քսան տարի շարունակ ոչ միայն գոյատևում, այլև արարում և զարգացնում է իր հայրենիքը: Մեզ հաջողվել է նախորդ տարիներին էականորեն բարելավել Արցախի բնակչության կյանքի որակը: Այսպես, օրինակ, վերջին 20 տարվա ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է մոտավորապես 12 անգամ՝ 1995 թվականի շուրջ 250 դոլարից 2015 թվականին հասնելով շուրջ 3000 դոլարի: Ավելին, վերջին տարիներին գրանցված՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջինը շուրջ 10 տոկոս աճը բաղձալի տեմպ կարող է համարվել ցանկացած պետության համար: Անկախության հռչակումից հետո մենք խորհրդային պլանային տնտեսությունից անցում կատարեցինք ազատական շուկայական հարաբերությունների, որը այնքան էլ հեշտ ճանապարհ չէ: Սակայն մենք կարողացանք տարիների ընթացքում ավերված տնտեսությունը վերականգնել և երաշխավորել տնտեսական ազատություններն ու մրցակցությունը: Ավելին, կիրառելով միջազգային փորձը և հենվելով ներքին առանձնահատկությունների վրա՝ այժմ Արցախը ունի տարածաշրջանում ամենարագ տեմպերով զարգացող և ներդրումների համար, երևի թե, ամենաբարենպաստ հարկային դաշտ ունեցող տնտեսությունը: Պատկերացրեք՝ նույնիսկ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին մենք արձանագրում էինք շուրջ 10 տոկոս տնտեսական աճ՝ հավակնոտ ծրագրեր իրագործելով հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, սննդի ու տեքստիլ արդյունաբերությունում և հանքարդյունաբերությունում: Այդ քայլերի շնորհիվ՝ ի թիվս այլ շոշափելի հաջողությունների, Արցախը այժմ լրիվ ինքնաբավ է էլեկտրաէներգիայի սպառման հարցում և արդեն էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստանի Հանրապետություն: Ի դեպ, այդ ողջ էլեկտրաէներգիան մենք արտադրում ենք բացառապես վերականգնվող պաշարներից՝ առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին: Ինչպես տեսնում եք, Արցախի Հանրապետությունը ներդրում ունի տարածաշրջանի էկոլոգիայի պաշտպանության գործում, սակայն, այդ ամենով հանդերձ, մենք զրկված ենք միջազգային աջակցության հնարավորություններից: Չե՞ք կարծում, որ ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանությունը սահմաններ ու երկրի միջազգային կարգավիճակ չի ճանաչում: Արցախի տնտեսության ու ավերված ենթակառուցվածքների վերականգնումը և հետագա զարգացումը հնարավոր են դարձել և՛ ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման, և՛ մայր Հայաստանի ու Սփյուռքի մշտական աջակցության ու ներդրումների շնորհիվ: Բացի դրանից, մենք պարբերաբար ներգրավում ենք նաև օտարերկրյա ներդրումներ, որոնք շոշափելի հաջողություններ են գրանցել Արցախում: Օրինակ, մեր կապի օպերատորի սեփականատերը լիբանանցի է, ով ամենախոշոր ներդրողներից մեկն է համարվում: Բազմաթիվ օտար ներդրողների շարքում ունենք նաև իտալական հագուստի բրենդային ընկերություններ: Մեկ այլ հետաքրքիր օրինակ է սև խավիարի արտադրությունը, որի մեջ մի օտարերկրացի գործարար խոշոր ներդրում է կատարել և շուտով սկսելու է Արցախից սև խավիար արտահանել: Շտապեմ հանգստացնել ձեզ, որ ի տարբերություն մեր հայտնի հարևանների՝ մենք չենք պատրաստվում սև խավիարն օգտագործել դիվանագիտության մեջ... Այնուամենայնիվ, մեր տնտեսության զարգացումը առանց խոչընդոտների չէ, և առկա են օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք արգելակող գործոններ, որոնց հիմնական մասը պայմանավորված է Բաքվի քաղաքականությամբ: Ադրբեջանի բռնապետ ղեկավարությունը, մասնավորապես, շարունակում է Արցախի և Հայաստանի հանրապետությունների շրջափակումը, սպառնում է խոցել մեր նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները, հոխորտում է սկսել լայնածավալ պատերազմ մեր կայացող ժողովրդավարության դեմ, փորձում է խանգարել օտարերկրյա ընկերությունների ու ներդրողների գործունեությունը Արցախում, խոչընդոտներ է առաջացնում արցախյան ծագման ապրանքների արտահանման ու վաճառքի համար: Այս և մի շարք այլ խոչընդոտներ ու սահմանափակություններ ես կնմանեցնեի ամերիկյան ազատատենչ ժողովրդի հանդեպ ամերիկյան հեղափոխության տարիներին կիրառված պատժամիջոցներին և ճնշումներին: Ձեր նախահայրերի պատասխանը եղավ Բոստոնյան թեյախմությունը, անկախության պատերազմը և ժողովրդավարական պետության կառուցումը: Մենք նույնպես շարժվում ենք այդ ճանապարհով. պատերազմում պաշտպանեցինք մեր հայրենիքն ու իրավունքները, իսկ այժմ կառուցում ենք ժողովրդավարական ու բարեկեցիկ պետություն՝ չնայած ադրբեջանական ճնշումներին և սահմանափակություններին: Հարգելի՛ ներկաներ, Արցախի և ողջ հայության հանդեպ ադրբեջանական ատելության վերջին խոշոր բռնկումը եղավ այս տարվա ապրիլին, երբ ադրբեջանական բանակը, խախտելով 1994թ. Զինադադարի եռակողմ պայմանագիրը Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հետ, հարձակվեց ղարաբաղյան դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա: Ադրբեջանական կողմը մարտի նետեց հազարավոր հատուկ ջոկատայիններ, տասից ավելի ուղղաթիռ, հարյուրավոր տանկեր ու հրետանի, տասնյակ կիլոմետր հեռահարության հրթիռային համակարգեր, այդ թվում՝ արգելված զենքեր: Ի պատիվ մեր բանակի՝ մենք կարողացանք դիմագրավել Ադրբեջանի հանկարծակի ագրեսիան՝ մեր բնակչությանը պաշտպանելով հնարավոր կոտորածից ու բռնագաղթից: Ամեն դեպքում, Ադրբեջանի զինված ուժերը հասցրեցին որոշ ռազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցանքներ իրագործել: Մասնավորապես, արցախյան Թալիշ գյուղում նրանք դաժանորեն խոշտանգեցին և սպանեցին երեք քաղաքացիական անձանց՝ այդ թվում՝ մեկ 90-ամյա կնոջ: Նրանք Իսլամական պետությանը բնորոշ ձևերով գլխատեցին երեք զինծառայողի, իսկ շուրջ երկու տասնյակ զինծառայողների մարմինները խոշտանգեցին՝ ոմանց կենդանի, ոմանց մահացած ժամանակ: Ավելին, այդ հանցագործները օրեր անց պարգևատրվեցին և հերոսացվեցին անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից: Բացի դրանից, ադրբեջանական հրետանին միտումնավոր թիրախավորում էր ղարաբաղյան քաղաքացիական բնակչությանը, ինչի հետևանքով մի երեխա զոհվեց դպրոցի ճանապարհին: Այդ գործելաոճի շարունակությունը եղավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ պատրաստ են ռմբակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Բաքվի ապրիլյան ագրեսիան ահաբեկչություն էր՝ կատարված և հերոսացված պետական մակարդակով, որը, ցավոք, կրկին բավարար կերպով չդատապարտվեց միջազգային հանրության կողմից: Ապրիլյան ռազմական ագրեսիայի սանձազերծումից չորս օր անց պաշտոնական Բաքուն զինադադար խնդրեց հայկական կողմից, ինչը պայմանավորված էր մեր բանակի ցավոտ պատասխան գործողություններով և ադրբեջանական կողմի ձախողումներով ու անհամեմատ շատ կորուստներով: Այնուամենայնիվ, մենք ևս անդառնալի մարդկային ու զգալի նյութական կորուստներ ունեցանք: Մասնավորապես, բացի տասնյակ զոհերից, որը ոչ մի արժեքով չափելի չէ՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում ավելի քան 10,000 քաղաքացի, որը Արցախի ողջ բնակչության մոտ 7 տոկոսն է կազմում, ստիպված էր ժամանակավորապես լքել սահմանամերձ բնակավայրերում գտնվող իրենց տները: Իսկ Թալիշ գյուղի բնականոն կենսագործունեությունը խախտվեց ադրբեջանական վայրագությունների հետևանքով, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա բնակիչները մինչ այժմ դեռ չեն վերադարձել իրենց հարազատ գյուղ, սակայն մենք արդեն համապատասխան քայլեր ենք ձեռնարկում Թալիշի վերականգնման ուղղությամբ: Շոշափելի բացասական ազդեցություն կրեց նաև տնտեսությունը՝ թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի առումով: Ուղղակի վնասները գնահատվում են շուրջ 20 միլիոն դոլար, իսկ անուղղակի վնասները իրենց դեռ երկար զգացնել կտան: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Անդրադառնալով հակամարտության կարգավորման ջանքերին ու հեռանկարներին՝ մեզ համար ողջունելի են Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության միջնորդների քայլերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության կարգավորմանը: Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ ունեցած դերակատարումը խաղաղության ապահովմանն ու հակամարտության վերջնական լուծմանը միտված քայլերի իրականացման գործում: Ուրախ ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիսում է մեր դիրքորոշումը՝ ռազմական գործողությունների անթույլատրելիության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում: Այդ կապակցությամբ, շնորհակալ ենք նաև ԱՄՆ 7 նահանգներին՝ Ռոդ Այլենդին, Մասսաչուսեթսին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆորնիային, Ջորջիային և Հավայիին՝ Արցախի Հանրապետության անկախությանը և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու համար: Ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհը, մենք ևս պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ միջոցներով՝ առանց զենքի կամ դրա սպառնալիքի կիրառման: Միևնույն ժամանակ, անթույլատրելի և անհնար են հիմնախնդրի կարգավորման տարբերակների մշակումը և իրագործումը առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի Հանրապետության լիիրավ և ամբողջական մասնակցության: Ավելորդ չէ նշել, որ մեր հակվածությունը հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ միջոցներին ամենևին չի նշանակում, թե մենք թույլ ենք և պատրաստ չենք պատերազմի: Ո՛չ, բարեկամնե՛ր, Արցախի բանակը բավարար կարողություններ ու պատրաստականություն ունի դիմագրավելու իր ժողովրդի հանդեպ ցանկացած ոտնձգություն, ինչը մեր սուրբ իրավունքն ու պարտականությունն է: Պարզապես մենք գնահատում ենք մարդկային կյանքը և, ինչպես ողջ քաղաքակիրթ մարդկությունը, կարծում ենք, որ հնարավոր և պետք է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Վստահ եմ՝ դուք գիտակցում եք, որ Արցախի Հանրապետության այս դիրքորոշումը ոչ միայն մեր օգտին է, այլ նաև՝ Ադրբեջանի ժողովրդի: Ավելին՝ խաղաղությանը նպատակաուղղված մեր հանձնառության շնորհիվ վստահորեն կարող ենք պնդել, որ Արցախը միջազգային հանրության հուսալի գործընկերն է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում: Այդ համատեքստում, պետք է նշել, որ չնայած միջնորդների բազմամյա ջանքերին՝ պաշտոնական Բաքվի ապակառուցողական ու ֆաշիստական քաղաքականության պատճառով իրականում անարդյունք են այսքան տարիների բանակցությունները: Միջազգային հանրության կողմից հասցեական դատապարտող հայտարարությունների և պատժամիջոցների բացակայության պայմաններում, ոգևորված նավթադոլարներով ու սեփական անպատժելիության կեղծ զգացումով, Ադրբեջանը աստիճանաբար ավելի ռազմատենչ է դառնում՝ շարունակաբար սպառազինվելով ու ապակայունացնելով ողջ Հարավային Կովկասը: Պաշտոնական Բաքուն վաղուց ոչ միայն կոպտորեն ու բացահայտ կերպով խախտում է սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանները, այլև հպարտանում է դրանով: Միջազգային կառույցները բազմիցս արձանագրել են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց սեփական ժողովրդի հանդեպ կիրառվող բռնատիրական մեթոդները արտահանում են երկրի սահմաններից դուրս՝ փորձելով օգտագործել դրանք նաև հարևանների ու այլ պետությունների հետ հարաբերություններում: Այդ վտանգավոր գործելաոճի հանդեպ, ցավոք, աչք է փակում ողջ աշխարհը: Այնինչ, կարծում եմ՝ հատկապես ապրիլյան ագրեսիայից հետո միջազգային հանրության գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե զուտ հայտարարություններով, այլ հատկապես գործնական քայլերով խաղաղության երաշխավորումը՝ ագրեսոր ու բռնատիրական Ադրբեջանին քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում զսպելու և ճնշելու միջոցով: Այդ տեսանկյունից, կոնգրեսական Քրիս Սմիթի նախաձեռնած՝ Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը համապատասխան քայլ և պատգամ է այն մասին, որ մարդու իրավունքները, ազատությունները, ինչպես նաև անձի անվտանգությունն ու պատիվը մնում են քաղաքակիրթ մարդկության կարևորագույն արժեքները: Դա պետք է մեկընդմիշտ հիշի նաև ադրբեջանական վերնախավը, իսկ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ, հաշվի առնելով տարածաշրջանում կուտակված ծանր սպառազինությունները, նոր պատերազմը խիստ ավերիչ ու կործանարար է լինելու երկու կողմերի համար, ինչը կարճ ժամանակահատվածում լրջագույն հումանիտար աղետի առջև կկանգնեցնի ողջ Հարավային Կովկասը: Դժվար չէ պատկերացնել, թե նման հեռանկարը ինչպիսի բացասական հետևանքներ կունենա նաև Արևմուտքի, Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի անվտանգային միջավայրի և անխափան հաղորդակցությունների վրա: Ինչպես ԱՄՆ մեծագույն նախագահներից Քենեդին է ասել՝ «Մարդկությունը պետք է վերջ դնի պատերազմին, կամ պատերազմը վերջ կդնի մարդկությանը»: Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման ջանքերի համատեքստում, բարձր ենք գնահատում կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի առաջարկները, որոնք անցած տարի, շուրջ 80 կոնգրեսականների ստորագրությամբ, ներկայացվեցին ԱՄՆ վարչակազմին: Ինչպես տեղյակ եք, դրանցով կոչ է արվում ԱՄՆ իշխանություններին՝ հակամարտ բոլոր կողմերից համաձայնություն ձեռք բերել հետևյալ ուղղություններով՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար: Զարմանալի չէ, որ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ԵԱՀԿ միջնորդները ողջունեցին այդ առաջարկները, այնինչ Ադրբեջանը մերժեց: Իսկ թե ինչու, հետևությունները թողնում եմ ձեզ: Ուրախ ու շնորհակալ ենք, որ ԱՄՆ Կոնգրեսում այդքան սրտացավ գործիչներ կան, ովքեր մտահոգված են մեր ժողովրդի ապագայով, ովքեր կիսում են մեր արժեքային համակարգը: Ուրախ ենք նաև, որ շաբաթներ առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Կոնգրեսում մեր բարեկամների ճնշող մեծամասնությունը կրկին ստացավ ամերիկացի ընտրողների քվեն: Սրտանց շնորհավորում եմ այդ բարձր վստահությանն արժանանալու առթիվ և համոզմունք հայտնում, որ այն կնպաստի մեր բարեկամության հետագա խորացմանը: Էլ ավելի շնորհակալ ենք ԱՄՆ Կոնգրեսի և բոլոր ամերիկացիների կողմից ամեն տարի Արցախին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար: Հուսով եմ՝ տեղյակ եք, որ դա միակ օտարերկրյա պաշտոնական աջակցությունն է Ղարաբաղի ժողովրդին: Այդ հումանիտար օգնության շնորհիվ՝ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բազմաթիվ ենթակառուցվածքներ են վերականգնվել: Միայն երկու օրինակ կբերեմ, որպեսզի պատկերացնեք ձեր կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը: Այսպես՝ 2000 թվականից ի վեր՝ միայն ԱՄՆ կողմից «Հալո Թրասթ» կազմակերպությանը տրամադրված միջոցներով 1848 հեկտար տարածք e ականազերծվել ղարաբաղյան բնակավայրերում՝ կանխարգելելով հնարավոր դժբախտ դեպքերը: Տեղեկացնեմ, որ եթե 1990-ական թվականներին Արցախը աշխարհում առաջին տեղում էր մեկ շնչին բաժին ընկնող պատերազմի պայթուցիկ մնացորդների քանակով, ապա այժմ մեր հանրապետությունում, նաև ամերիկյան աջակցության շնորհիվ, մնացել է համեմատաբար քիչ՝ 722 հեկտար ականադաշտ: Շնորհակալություն ձեզ փրկված կյանքերի համար... Մեկ այլ շոշափելի աշխատանք էր մայրաքաղաք Ստեփանակերտի՝ խմելու ջրի ցանցի կառուցմանն աջակցելը, որի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդիկ ապահովվել են մշտական խմելու ջրով. մի գործ, որը չէր կատարվել նույնիսկ այնքա՜ն հզոր Խորհրդային Միության կողմից: Շնորհակալություն ձեզ՝ մեր բնակչությանը ջրով ապահովելու համար... Ձեր աջակցությունը երբեք չի մոռացվի Արցախի երախտապարտ ժողովրդի կողմից: Վստահ եմ, որ բազմաթիվ այդպիսի կարևոր գործեր դեռ առջևում են: Մասնավորապես, այժմ կարիք կա Ստեփանակերտի՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիման վրա նոր կենտրոն կառուցելու, որը հումանիտար լայն ծառայությունների բացառիկ կենտրոն է տարածաշրջանում: Այն արդեն 18 տարի շարունակ աջակցություն է ցուցաբերում տարեկան շուրջ 1000 քաղաքացիների, ընդ որում՝ բոլոր տարիքային խմբերի, այնինչ կարիքը տասնապատիկ անգամ մեծ է: Հակամարտության պայմաններում ապրող մեր բնակչության համար այն կենսական նշանակության հաստատություն է: Բացի դրանից, Ադրբեջանի կողմից այս տարվա ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ ընտանիքներ զգալի վնասներ են կրել, իսկ Թալիշ գյուղի ավելի քան 500 բնակիչ, ինչպես նշեցի, ստիպված տեղահանվել է: Ուստի, այժմ առաջացել են նոր հումանիտար կարիքներ, որոնց հոգալուն նույնպես կարող է ուղղվել ամերիկյան աջակցությունը: Հարգելի՛ կոնգրեսականներ, Կոչ եմ անում ձեզ շարունակական ուշադրության ներքո պահել Արցախի առջև ծառացած վերոնշյալ և այլ մարտահրավերները և հնարավորությունների չափով մասնակցել դրանց լուծման շնորհակալ գործին: Համոզված եղեք, որ դրանով ձեռք եք մեկնում մի ժողովրդի, որը քայլում է ձեզ հոգեհարազատ ժողովրդավարության ուղով: Ի դեպ, այդ ճանապարհին Արցախը պատրաստվում է շուտով հաջորդ քայլը կատարել՝ փոփոխություններ նախաձեռնելով հանրապետության Սահմանադրության մեջ: Մասնավորապես, մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքական համակարգի արդյունավետությունը, ավելի ամրացնել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները և մեր պետականության հիմքերը: Այնուամենայնիվ, քաջ հայտնի է, որ ժողովրդավարության կառուցումը այնքան էլ հեշտ ուղի չէ, առավել ևս՝ երբ դրան զուգահեռ ստիպված ես լինում մաքառել սեփական անվտանգության ապահովման համար: Սակայն Արցախի ժողովուրդը հաստատակամ է այդ երկուսին համատեղ հասնելու ճանապարհին, առանց զոհաբերելու ազատությունները՝ հանուն անվտանգության, որպեսզի, ինչպես ԱՄՆ հիմնադիր հայրերից Բենջամին Ֆրանկլինն է խորհուրդ տվել, արժանանանք և՛ ժողովրդավարությանը, և՛ անվտանգությանը: Հետևաբար, Արցախի ժողովրդի մաքառումը հանուն համամարդկային արժեքների է՝ ամերիկյան ազատատենչ ժողովրդի պայքարի նույնական արտացոլումը մեր տարածաշրջանում, և այն կարող է օրինակ ծառայել այլ ժողովուրդների համար ևս: Ա՛րդ, սիրելի՛ ներկաներ, մեր արժեքները նաև ձեր արժեքներն են... Մեր պայքարը նաև ձեր պայքարն է... Մեր հաջողությունը նաև ձեր հաջողությունն է... Կանգնե՛նք միասին և աջակցե՛նք մոլորակի ևս մեկ անկյունում համամարդկային արժեքների հաղթանակին: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր