211652_close_icon
views-count7878 դիտում article-date 09:31 14-12-2016

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու դատապարտյալ դանակահարել են իրար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս պարզել չհաջողվեց: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները ևս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որևէ մեկի հետ խոսել: Ըստ երևույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, և օրն ավարտվել է դանակահարությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, և իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի` ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր