211652_close_icon
views-count2026 դիտում article-date 15:52 16-12-2016

Տեղի է ունեցել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանսը

ՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 15-ին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում անց է կացվել «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ» թեմայով օնլայն կոնֆերանս: Ստրասբուրգից վիդեո-կոնֆերանսը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արևիկ Ստեփանյանը և Վիկտորիա Չերնիչուկը: Կոնֆերանսի առաջին մասում ներկայացվել է ՄԻԵԴ-ում Հայաստանին առնչվող գործերի վիճակագրությունն ու ընթացքը: Քննարկվել են դատական պրակտիկայի հետագա զարգացման հարցում Հայաստանի դեմ կայացված վճիռների նշանակությունը: Ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով մտքեր են փոխանակվել բարոյական վնասի հատուցմանն առնչվող ՄԻԵԴ պրակտիկայի հաճախ հանդիպող օրինակների, ինչպես նաև՝ արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Փաստաբաններին հետաքրքրել է ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկին առնչվող առանձնահատկությունները՝ որոշակիության սկզբունքի խախտման պարագայում: Վիդեոկոնֆերանսի երկրորդ մասում հիմնականում անդրադարձ է եղել արդար դատաքննությանն առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ ազգային դատարանների կողմից առավել հաճախ հանդիպող խախտումներին և այդ ուղղությամբ ՄԻԵԴ պրակտիկայի զարգացումներին: Կոնֆերանսի մասնակիցները հարցեր են ուղղել նաև վկայի բացակայությունը հարգելի դիտարկելու, դատավճիռը միայն բացակայող վկայի ցուցմունքներով հիմնավորելու և հավասարակշռող փաստերի համաչափությունը դիտարկելու ՄԻԵԴ մոտեցումների մասին: Քննարկվել են նաև վկայի հարցաքննության և առերես հարցաքննության ընթացքում առաջացող խախտումներին առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն

Նմանատիպ նյութեր