211652_close_icon
views-count2001 դիտում article-date 11:14 20-12-2016

ՀՀ-ում կանայք տղամարդկանցից 33.5%-ով քիչ են վարձատրվում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան՝ Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների և ծախսերի տարբերության մասին։ Մի հետաքրքիր առանձնահատկություն. պետական հատվածում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Այսպես, տնտեսության պետական հատվածում զբաղված 261 հազար զբաղվածներից 151 հազարը (58%-ը) կանայք են, 110 հազարը (48%-ը)՝ տղամարդիկ։ Ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 813 հազար Է, որից 360 հազարը (44%-ը) կանայք են, 453 հազարը (56%-ը)՝ տղամարդիկ։ Ըստ զեկույցի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց։ Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք։ Փոխարենը՝ տղամարդիկ ավելի շատ են աշխատում։ Զեկույցում նշվում Է, որ տղամարդիկ ավելի շատ են աշխատում, քան կանայք՝ անկախ տնտեսության ոլորտից և աշխատանքային-իրավական հարաբերությունների բնույթից։ Օրինակ, լրիվ աշխատանքային օրով աշխատում Է զբաղված կանանց 50%-ը, զբաղված տղամարդկանց՝ 57%-ը։ Ոչ լրիվ աշխատանքային օրվա տեսանկյունից շեղումն ավելի մեծ է՝ զբաղված կանանց 41%-ն է ոչ լրիվ օր աշխատում, տղամարդկանց՝ 23%-ը։ Իսկ լրիվ աշխատանքային օրվանից ավելի աշխատում են զբաղված տղամարդկանց 20%– ը, մինչդեռ կանանց դեպքում այս ցուցանիշը 9% է։ Այսքանից հետո, թերևս, զարմանալի չի հնչի, որ տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք։ Զեկույցի համաձայն, թեպետ վերջին 10 տարիների ընթացքում 10.8 տոկոսային կետով կրճատվել է կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի (վաստակների) տարբերությունը, սակայն այն դեռ շարունակում է զգալի մնալ: 2015թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի 66.5%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 33.5%։ Իսկ եթե ավելի կոնկրետ, 2015 թվականին տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել Է 203.657 դրամ, կանանցը՝ 135.492 դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր