211652_close_icon
views-count4273 դիտում article-date 17:51 24-12-2016

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են իրականացվում` հստակեցնելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են գյուղոլորտի տարբեր ճյուղերի առաջընթացին: Նախարարն ընդգծել է, որ այդ խնդիրների վերլուծության հիման վրա 2017 թվականին կատարելագործվելու են առկա ծրագրերի սուբսիդավորման մեխանիզմները` ի շահ ոլորտի, բիզնեսի և գյուղացու: «Գյուղատնտեսության նախարարության ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ ստեղծել մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը», - նշել է Իգնատի Առաքելյանը: Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին առնչվող հարցերի հետ կապված նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն տնտեսավարող սուբյեկտները դեռևս պատրաստ չեն ամբողջապես ապահովել պարարտանյութերի ներքին շուկայի պահանջարկը, ուստի այս պահին առավել նպատակահարմար է միջանկյալ լուծում տալ խնդրին. կհայտարարվի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել: Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տոհմային երինջների ներկրման հարցի շուրջ նախարարը նշել է, որ այս ճյուղի հետագա զարգացման նպատակով նախատեսվում է սահմանել չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբուծարանների համար, որպեսզի նրանք կարողանան տոհմաբուծությունը զարգացնել կովկասյան գորշի և այլ ցեղատեսակների միջոցով և իրենց վերարտադրած սերնդի տոհմային գյուղատնտեսական կենդանիները վաճառել ֆերմերներին, որի արժեքի մի մասը կսուբսիդավորվի պետության կողմից: Միաժամանակ նախարարը հավելել է, որ այս գործընթացը կլինի պետության խիստ վերահսկողության ներքո: Նախարարի խոսքով, հաջորդ տարի շարունակվելու են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավությունը բարձրացնելու նպատակով: Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմանն ու վարկավորմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման անհրաժեշտությանը: Նախարարն ընդգծել է, որ մեխանիզացիան այսօր շատ հնամաշ է, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ խնդրին լուծում տալ` առկա ֆինանսական միջոցները կուղղվեն սուբսիդավորելու կանխավճարները կամ վարկի տոկոսադրույքները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան բարձրակարգ մեխանիզացիա ձեռք բերել: Կա նաև մասնավոր ընկերություն, որը պատրաստ է իր վրա վերցնել մեխանիզացիայի ներդրման համակարգի կառավարումը, և այս պահին վերջինիս հետ բանակցություններ են ընթանում: Գյուղատնտեսության հոկտեմբեր ամսվա անկումը և նոյեմբերի աճը նախարարը բացատրել է տարվան բնորոշ բնակլիմայական պայմաններով. անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիներն այս տարի չեն կարողացել բերքը հավաքել հոկտեմբերին, և բերքահավաքը կատարել են նոյեմբեր ամսին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ունենանք անկում, իսկ նոյեմբերին ընդհակառակը` աճ արձանագրվի: Այս համատեքստում Իգնատի Առաքելյանը կարևորել է գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքները, որոնք երեկ արդեն պաշտոնապես հրապարակվեցին` հավելելով, որ ԱՎԾ-ի հետ համատեղ ցուցանիշները վերլուծվելու են, որպեսզի այդ ճշգրտումների հիման վրա մշակվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: Վերջում անդրադառնալով տարեվերջյան ասուլիսը «Արմենիա վայն» ընկերությունում կազմակերպելու որոշմանը` նախարարը պարզաբանել է, որ ընկերությունը շատ կարևոր քայլ է կատարել մթերման առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նախապես կնքվելու է շուրջ 700 տոննա խաղողի գնման պայմանագիր Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսությունների հետ, որում կֆիքսվի նաև մթերման մինիմալ գին: Սա հնարավորություն կտա գյուղացիներին ավելի բարենպաստ դաշտում աշխատել և վստահ լինել, որ իրենց արտադրած գյուղմթերքը կիրացվի, և մթերման սեզոնին խնդիրներ չեն լինի: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր