211652_close_icon
views-count2243 դիտում article-date 14:29 27-12-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը մասնավորապես առաջարկում է կենսապարարտանյութեր, որոնք փոխարինում են ազոտական պարարտանյութերին և ի տարբերություն վերջինիս` օրգանական պարարտացման եղանակ են, արդյունավետությունը շուրջ 25 տոկոսով ավելի բարձր է, առավել մատչելի են, բացի այդ, վերականգնում են հողի միկրոֆլորան` նպաստելով բերրիության աճին: Տարեկան կենտրոնում հնարավոր է արտադրել մոտ 80 տոննա պարարտանյութ: Գիտական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը, որը մինչ այս ֆինանսավորել է պարարտանյութերի ներմուծումը, պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն պարարտանյութեր արտադրողները չունեն հզորություններ առկա պահանջարկն ամբողջությամբ ապահովելու: Ուստի նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել: «Այժմ մշակում ենք մեխանիզմ, որի նպատակը պետք է լինի պարարտանյութերի շուկայի ձևավորումը, որպեսզի արտադրողները գտնեն իրենց գնորդին, դաշտը դառնա առավել մրցակցային, և պետությունը կարողանա բաց թողնել այս շուկան: Սա նաև կհանգեցնի պարարտանյութերի, այդ թվում` ներմուծվող արտադրանքի մրցակցային գնագոյացմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը: Աշխատակիցները նաև տեղեկացրել են, որ վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնում մշակվել է հակամիկրոբային պատրաստուկ, որը թռնաբուծության և խոզաբուծության մեջ փոխարինում է սալմոնելոզի դեպքում կիրառվող հակաբիոտիկներին: Հանդիպման ավարտին կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կներկայացնեն անհրաժեշտ բոլոր հիմնավորումները գնային առավելության մասին, իսկ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը Հայաստանի թռչնաբույծների միության հետ:

Նմանատիպ նյութեր