211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:33 27-12-2016

Շնորհիվ բոլորիս միասնական, հետևողական ու սրտացավ աշխատանքի` մենք հաջողությամբ կյանքի կոչեցինք բոլոր այն ծրագրերը, որ նախատեսել էինք. Տարոն Մարգարյան

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական և սպորտի ոլորտների, ինչպես նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ամփոփելով անցնող տարին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն եղել է ձեռքբերումային, ինչի արդյունքում կյանքի են կոչվել տարվա ընթացքում նախանշված բոլոր ծրագրերը: «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ անցնող տարում, շնորհիվ բոլորիս միասնական, հետևողական ու սրտացավ աշխատանքի, մենք հաջողությամբ կյանքի կոչեցինք բոլոր այն ծրագրերը, որ նախատեսել էինք կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական ոլորտներում: Դրանցում, անշուշտ, առկա է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը, և վստա՛հ եմ, որ նույն եռանդով ու սրտացավությամբ, միասին պետք է շարունակենք աշխատել նաև հաջորդ ու հաջորդող բոլոր տարիներին: 2016 թվականին արդյունավետ էր նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացված համատեղ ծրագրերը: Համագործակցությունն ու գործընկերային կապն ամրապնդելու ենք նաև 2017 թվականին ու, համոզվա՛ծ եմ, որ առավել արդյունավետ ծրագրեր կունենանք: Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Մաղթում եմ, որ 2017 թվականը երջանկության, սիրո, բարեկեցության տարի լինի բոլորիս համար: Թող նոր տարին հաղթանակներ բերի մեր երկրին, մայրաքաղաքին, հայ ժողովրդին»,- նշել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ ծննդյան 70-ամյակի առթիվ, ազգային երգ-երաժշտության տարածման գործում և մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով է պարգևատրվել «Մարաթուկ» ազգագրական համույթի մենակատար Ռուդիկ Ալավերդյանը: Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների, կրթության ու գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության, ինչպես նաև առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Վարդանյանը, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Գագիկ Բեգլարյանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կոլեկտիվն էլ պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Ոլորտների մի խումբ աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Նմանատիպ նյութեր