211652_close_icon
views-count2305 դիտում article-date 15:43 30-12-2016

Կարեն Ավագյանը պարգևատրվեց երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար

«Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագրի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները, ՀԱՊՀ ավագ դպրոցի լավագույն աշակերտները: Պարգևներ հանձնվեցին նաև հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին: ՀԱՊՀ ուսանողական խորհրդի շքանշանով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ երիտասարդության և ուսանողության հարցերում ունեցած բացառիկ ներդրման համար: Պարոն Ավագյանը մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ այս պարգևն անպատասխան չի մնա, և հիմնադրամ-բուհ համագործակցությունն ավելի կզարգանա 2017-ին: Պարոն Ավագյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Սա մեր ողջ թիմի աշխատանքն է և այն բոլոր կառույցների, որոնց հետ աշխատել ու կարողացել ենք ինչ-որ բան փոխել»: Պարոն Ավագյանը նաև ցավով արձանագրեց 2016-ի կորուստները. «Կորուստներ ունեցանք ապրիլյան պատերազմից հետո, և մեր ցանկացած միջոցառում սկսում ենք՝ մեր հայորդիներին շնորհակալություն հայտնելով, այն հայորդիներին, որոնք այսօր էլ պահում են սահմանը և ապահովում նման միջոցառումների կայացումը»: Անդրադառնալով ուսանողական ծրագրերին՝ Կարեն Ավագյանն արձանագրեց, որ Պոլիտեխնիկի դերակատարությունն այդ ծրագրերում ակնհայտ է: Այնուհետև պարոն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ուսանողներին, որոնք ակտիվություն են ցուցաբերել հասարակական գործունեության ոլորտում: Բուհի ուսախողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ պոլիտեխնիկական այս մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2014-ին՝ ՈՒԽ-ի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում: Այդ ժամանակ է հիմնադրվել նաև ՈՒԽ հուշամեդալը: Գոռ Վարդանյանը նաև նշեց, թե ինչու են պարգևատրում նաև աշակերտներին. «Մենք հանձնում ենք նաև լավագույն աշակերտ պարգև, քանի որ Պոլիտեխնիկական համալսարանն ունի նաև ավագ դպրոց: Մենք մեր ընդհանուր ընտանիքից չենք առանձնացրել աշակերտներին»: Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, հետադարձ հայացք նետելով 2016-ին, նշեց. «Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի համար 2016-ը հաջողությամբ ավարտվող տարի է: Մենք այս տարի ցուցաբերեցինք ողջ կոլեկտիվի, ուսանողական համակազմի համերաշխ և սկզբունքային աշխատանք»: Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն էլ փաստեց, որ Պոլիտեխնիկում բավականին հուսադրող առաջընթաց կա: Բուհը տարին փակում է դրական սալդոյով: Նշենք, որ «Ամանորը Պոլիտեխնիկում» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր