211652_close_icon
views-count2484 դիտում article-date 16:57 14-01-2017

Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը: Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը: Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները 2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների դիմաց պարտքը կազմում է 105.6 մլն դրամ: Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց համաձայն կիրականացվեն մարումները: Միևնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման, պատրաստի արտադրանքի իրացման և այլ խնդիրների: Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր