3984 դիտում
20:39 24-01-2017
Նոր շունչ ու բովանդակություն Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Հարգարժան տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։ Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաև որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարևորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Այդ իրողության վառ արտահայտությունն է նաև 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Ազատական կուսակցության ներկայացուցիչ հայազգի 45-ամյա Գլեդիս Բերեջիկլյանը երեկ՝ հունվարի 23-ին ստանձնել է Ավստրալիայի տնտեսապես ամենազարգացած և 7 միլիոն բնակչություն ունեցող նահանգի` Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
3100 դիտում
13:51 15-03-2018
Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան
2580 դիտում
22:25 17-07-2020
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»