ՊՆ-ն լույս է ընծայել Արցախյան ազատամարտի «Եռաբլուր»-ում հանգչող զոհերի կենսագրությունն ամփոփող ժողովածու. Artsakhpress.am
Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր:
Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։
Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գիրքը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական հանձնախմբի երկամյա ջանքերի ու պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները: Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել են ու ամբողջացրել գիրքը։
«Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:
Ներկա և ապագա սերունդների համար գրքում ներկայացված կենսապատումները ամփոփ և յուրահատուկ դասագիրք է` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:
Մանրամասներն՝ [url=http://artsakhpress.am/arm/news/61414/]այստեղ[/url]