211652_close_icon
views-count6530 դիտում article-date 10:02 16-02-2017

Ջավախքցի 200 ուսանողների ծաղկաձորյան հավաքից հետո «Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված ջավախքցի 200 ուսանողներին առնչվող ծրագրից հետո բարեգործական այլ ծրագրերը ժամանակավորապես դադարեցնելու հետ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ջավախք աշխարհը մշտապես եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում հնարավորությունների սահմաններում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հասկանալի պատճառներով միտված են հայապահպանությանը, ջավախահայությանը նեցուկ ու ապավեն լինելուն, կրթամշակութային ծրագրերին աջակցելուն: Մասնավորաբար, պարգևատրվել են Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ջավախքցի ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին և այլն: Եվ ահա, ինչպես նախապես հայտարարվել էր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հերթական ծրագիրն է կյանքի կոչվելու: Փետրվարի 24-26-ը ծնունդով ջավախքցի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 200 ուսանողներ իրենց եռօրյա հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորում: Ինչպես նախորդ բոլոր եռօրյա հավաքների ժամանակ, այս անգամ էլ ուսանողների համար կկազմակերպվեն ինտելեկտուալ, մարզական, մշակութային բազմազան մրցույթներ ու միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ: Հ.Գ.-Հաշվի առնելով, որ առջևում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է նշյալ միջոցառումից հետո մինչև ընտրությունների ավարտը ժամանակավորապես դադարեցնել հիմնադրամի ծրագրերը: Նոր ծրագրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի խորհրդարանական ընտրություններից հետո»:

Նմանատիպ նյութեր