211652_close_icon
views-count3757 դիտում article-date 17:19 21-02-2017

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի են ունեցել Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ին Մայրենիի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության աջակցությամբ բացված «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի (Armlands.com) շնորհանդեսը և «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ վաղնջական ժամանակներից հայոց լեզուն եղել է հայի տեսակի կերտման, հայ ժողովրդի մտածողության ու հոգեբանության ձևավորման ամենազորեղ միջոցը: «Փետրվարի 21-ին Հայաստանում  և Սփյուռքում նշվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայոց պետության կողմից սահմանված «Մայրենիի օր»  տոնը: Իր պատմության բոլոր ժամանակահատվածներում Հայոց լեզուն ունեցել է և ունի հայապահպան առաքելություն: Իր բոլոր դրսևորումներով հայոց լեզուն մշակութային մեծագույն արժեք է, հայոց լինելիության միջնաբերդ: Օտարն է Աստծո հետ խոսելու միակ լեզուն համարել հայերենը», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ինչպես տունն ու հայրենիքը, այնպես էլ մեր լեզուն կարիք ունի մշտական հոգացողության, նորոգման ու պաշտպանության: «Մեր պետական լեզուն իր երկու ճյուղերով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, կարիք ունի լուրջ հոգածության: Մենք պետք է խոսակցական հայերենը զերծ պահենք աղճատումներից, օտարաբանություններից ու ժարգոնից: Եվ Մայրենիի այս գեղեցիկ օրվա առթիվ մեր շնորհակալական խոսքն ու երախտագիտությունն ենք հայտնում հայոց լեզվի մի խումբ անխոնջ մշակների»: Մայրենիի տոնի առթիվ՝ մայրենիի անաղարտության պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Սեդա Թորոսյանին, Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանին, Միջազգային կրթական խորհրդի նախագահ Հայկուհի Գևորգյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ղեկավար Արտակ Հերիքյանին, բ.գ.դ. պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանին, բ.գ.դ. պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին, բ.գ.թ. դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանին, Իրաքահայերի միության նախագահ Վարանդ Պետրոսյանին: Այնուհետև նախարարն անդրադարձավ նորաստեղծ «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքին: «Արևմտահայերենով առաջին մանկապատանեկան կայքի ստեղծման միտքը 9-ամյա հայրենադարձ Արեգիինն է, ում խնդրանքով նրա մայրը՝ «Եռագույն» կայքի համահիմնադիր Նայրի Մկրտիչյանը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կյանքի կոչեց «Armlands.com» կայքը: «Հայկաշխարհ»-ը նպատակ ունի դառնալու աշխարհի բոլոր մանկական կայքերի և տպագիր թերթերի շտեմարանը», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը։ Նախարարն ընդգծեց, որ կայքի կայացմանն անհրաժեշտ կլինի Հայաստանի և Սփյուռքի մանուկների, պատանիների աջակցությունը, հաշվի կառնվեն ներկայացված առաջարկությունները: «Կայքը առաջին հերթին կնպաստի մեր ոսկեղենիկ արևմտահայերենի պահպանությանը», - նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Կայքի կառուցվածքն ու բաժինները ներկայացրեց «Եռագույն» արևմտահայերեն և «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքերի համահիմնադիր Նայրի Մկրտիչյանը: Նա նշեց, որ կայքում կլինի փոքրիկների անկյուն, մանկապատանեկան, ժամանցային, նորությունների բաժիններ և շտեմարան: «Արդեն իսկ սկսվել են այլ մանկապատանեկան թերթերի հետ աշխատանքները և համագործակցությունը: Կարծում ենք, որ փոքրիկներին ամենաշատը կհետաքրքրի «Մենք» բաժինը, ուր կտեղադրվեն նրանց աշխատանքները: Իսկ «Խոսակցիլ» բաժնում երեխաները հնարավորություն կունենան առցանց հաղորդակցվել իրար հետ», - նշեց Ն.Մկրտիչյանը: Կայքի վերաբերյալ կարծիք հայտնեցին Համազգային Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Նարե Միքայելյանը և կայքի աջակից, հայրենադարձ ծնող Լիզա Քարաջյանը: «Ես հայրենադարձվել եմ իմ Հայրենիք, որպեսզի երեխաներս հայ մեծանան: Իսկ հայ մեծանալու առաջին պայմանը մեր մայրենին իմանալն է», - ասաց Լ.Քարաջյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթին: Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ նախարարն ընդգծեց, որ շարադրությունների մրցույթին մասնակցել է Սփյուռքի ավելի քան 100 դպրոց, որոնցից ստացվել է ավելի քան 1000 երեխայի ստեղծագործություն: «Հատկանշական է, որ շատ ակտիվ են հատկապես մեկօրյա դպրոցների աշակերտները, ինչը վկայում է այդ կրթօջախների արդյունավետ գործունեության մասին», - նշեց նախարարը: Միջոցառմանը մայրենիին նվիրված երգով հանդես եկան Եվրոպական դպրոցի 4-րդ դասարանի հայրենադարձ մանուկները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր