211652_close_icon
views-count3097 դիտում article-date 20:33 22-02-2017

Հայ կարատեիստները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար

Կարատեի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեկ բրոնզե մեդալով: 14-15 տարեկանների մինչեւ 70 քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Մակյանը: Պատանի կարատեիստը ոգեւորված է իր նվաճած մեդալով եւ հույս ունի, որ այն վերջինը չի լինի. «Այս հաջողության մեջ իմ ներդրումը շատ քիչ է: Այսպես ասած` գլխավոր «մեղավորը» հայրս է` անձնական մարզիչս»,- նշեց Դավիթը: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ընդհանուր առմամբ գոհ է թիմից: Ասում է, որ Եվրոպայի առաջնության մեդալը փոքր արդյունք չէ այս մարտարվեստի համար: Ազգային կարատեն 2016 թվականին համալրել է օլիմպիական ընտանիքը: Եվ, հաջորդ տարի հայ մարզիկները փորձելու են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Իսկ մինչեւ Տոկիո-2020-ը` պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թվականին Բունոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել համար: «Մասնակցելու ենք վարկանիշային մրցաշարերի: Քայլ առ քայլ գնում ենք դեպի օլիմպիական խաղեր»,-նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Մարտի 19-ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձեւավորվի հավաքականը, որը մայիսին կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Մուրադյանը նշում է, որ տղաներին զուգահեռ մարզվում են նաեւ աղջիկները. «Կարատեն կանացիությանը դեմ չէ: Մենք ունենք հեռանկարային աղջիկներ: Հուսանք, որ ապագայում նրանք նույնպես մեդալներ կնվաճեն»,-ասաց մարզիչը: Ֆեդերացիան տարբեր ակցիաներ է նախատեսում մարզաձեւի մասսայականացման համար:

Նմանատիպ նյութեր