211652_close_icon
views-count1605 դիտում article-date 11:39 16-03-2017

Քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման հարցեր

Մարտի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովին և տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանին: Վերջիններս Հայաստանում էին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ որակի ենթակառուցվածքի համակարգի կազմակերպությունների ղեկավարները և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցներ: Է.Տարասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այս բնագավառներում իրականացվող աշխատանքները և համագործակցությունը` ԵՄ երկրների, Իրանի հետ, անդրադարձել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում համագործակցության շարունակման գործընթացներին: Քննարկվել են հարցեր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ին Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներին՝ տեղական արտադրանքի որակի չափանիշների մասին: Վ.Կորեշկովը նշել է, որ հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են և հավանության արժանացել ու պատրաստակամություն հայտնել տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն տարբեր գործընթացների իրականացման ընթացքում առաջացող ամենատարբեր բնույթի հարցերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են որակի ենթակառուցվածքի համակարգի, տեխնիկական կանոնակարգման, հավատարմագրման, չափագիտության և ստանդարտների բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, կարծիքներ փոխանակել արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ: Քննարկվել են հարցեր սերտիֆիկացման ռեեստրների ինտեգրման, կիբերանվտանգության նորմերի պահպանության, հավատարմագրման միջազգային նորմերի կիրառման և այլնի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր